Բժիշկները տղամարդու ստամոքսից 33 իր են հեռացրել, այդ թվում՝ ածելի եւ պտուտակահան (ֆոտո)

19:35   17 հուլիսի, 2019

Հնդկաստանում բժիշկները եզակի վիրահատություն են արել՝ 30-ամյա Յոգեշ Տխակուրի ստամոքսից հեռացնելով 33 իր, այդ թվում՝ ածելի եւ պտուտակահան:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ տղամարդը հոսպիտալացվել է հուլիսի 14-ին այն բանից հետո, երբ սուր ցավ է զգացել որովայնում: Ռենտգեն հետազոտություն անցկացնելով՝ բժիշկները ցնցված են եղել՝ տեսնելով, որ տղամարդու ստամոքսում տասնյակ իրեր կան:

Վիրահատության ընթացքում հեռացվել է 33 իր, այդ թվում՝ դանակներ, պտուտակահան, ածելի եւ պլաստիկե իրեր: Յոգեշ Տխակուրի մայրը խոստովանել է, որ իր տղան դեռ մանկուց էր իրեր ուտում: Սակայն ծնողները չեն դիմել բժիշկների օգնությանը՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում այդ սովորությունը կվերանա:

Վիրահատությունից հետո Յոգեշին հոգեբանական օգնություն է տրամադրվել:

Բժիշկների կանխատեսմամբ՝ տղամարդը դուրս կգրվի հիվանդանոցից մոտակա 5 օրերի ընթացքում:   

 



© NEWS.am Medicine