Գիտնականները ստեղծել են տնային հեմոդիալիզի առաջին սարքը

17:07   18 հուլիսի, 2019

Ամերիկյան CVS Health ընկերությունն այս շաբաթ սկսում է տնային հեմոդիալիզի նոր սարքի կլինիկական հետազոտությունները։ Դա կօգնի փոքր-ինչ նվազեցնել հեմոդիալիզի կենտրոնների բեռնվածությունն ԱՄՆ-ում, որոնք միաժամանակ նաեւ ավելորդ մոնոպոլացված են։ Իսկ CVS Health ընկերությունն ուղղակիորեն կմրցակցի նման կենտրոնների երկու խոշոր օպերատորների՝ Fresenius Medical Care AG-ի եւ DaVita Inc-ի հետ։

CVS Health-ը ԱՄՆ խոշոր դեղատնային օպերատորներից մեկն է։ Դեռ անցած տարի ընկերությունը հայտարարել էր տնային հեմոդիալիզի համակարգի աշխատանքի մասին, որը կօգնի երիկամային անբավարարության վերջին փուլում գտնվող պացիենտներին։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ տնային հեմոդիալիզը կարող է անգամ ավելի արդյունավետ լինել, քան հիվանդանոցայինը, քանի որ տնային պայմաններում մարդկանց համար ավելի հեշտ եւ հարմարավետ է կատարել այդ պրոցեդուրան։

ԱՄՆ-ում մոտ 600 հազար մարդ տառապում է երիկամային անբավարարությունից, նրանցից 470 հազարը հեմոդիալիզի վրա են եւ սպասում են երիկամների փոխպատվաստման վիրահատության։ Հեմոդիալիզը միջամտություն է, որի ընթացքում հատուկ մեքենան մշակում է արյունը եւ դրանից դուրս բերում տոքսինները՝ կատարելով երիկամների գործառույթը։

Սովորաբար այդ միջամտությունը պահանջում է կանոնավոր այցելություններ հեմոդիալիզի հատուկ կենտրոններ շաբաթը առնվազն երեք անգամ, որտեղ մարդը անցնում է 3,5 ժամ տեւող սեանսներ։ Եվ ահա հիմա պատմության մեջ առաջին անգամ ի հայտ է եկել այլընտրանք՝ հեմոդիալիզի տնային սարք։ Պացիենտները կարող են այն կիրառել պլանշետի օգնությամբ, ինչը զգալիորեն կհեշտացնի հեմոդիալիզի պրոցեդուրան եւ կթեթեւացնի պացիենտների կյանքը։



© NEWS.am Medicine