Ուժեղ բացասական ապրումները բարձրացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը

10:33   20 հուլիսի, 2019

Գիտնականները կապ են հայտնաբերել «կոտրված սրտի ախտանիշի» (տակոցուբո կարդիոմիոպատիա) եւ քաղցկեղի միջեւ։ Հիշեցնենք, որ այս ախտանիշի դեպքում, ուժեղ սթրեսի հետեւանքով, առաջ է գալիս միոկարդի (սրտամկանի) կրճատելիության հանկարծակի անցողիկ նվազում։

Ինչպես տեղեկացնում է Medical Express-ը, անցկացված հետազոտությունը վկայում է այն մասին, որ տակոցուբո կարդիոմիոպատիա ունեցող ամեն վեցերորդ մարդը բախվում է քաղցկեղի հետ եւ առաջիկա հինգ տարիներին ապրելու պակաս հնարավորություններ ունի։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել են «կոտրված սրտի ախտանիշով» 1604 պացիենտի տվյալները, 267-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։

Առավել հաճախ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, այնուհետեւ՝ աղեստամոքսային համակարգի, շնչուղիների եւ մաշկի չարորակ ուռուցքներ։ Ամենից հաճախ տակոցուբո կարդիոմիոպատիա առաջացել է քաղցկեղով հիվանդների մոտ ֆիզիկական վնասվածքի (47,9 տոկոս) եւ բժշկական միջամտության (34,2 տոկոս) պատճառով։ Երրորդ տեղում եղել են ուժեղ հուզական ցնցումները (18,0 տոկոս)։

Հետազոտության արդյունքներն ավելի մանրամասն ներկայացված են Journal of the American Heart Association ամսագրում հրապարակված հոդվածում։



© NEWS.am Medicine