Կինն ԱՄՆ-ում առաջին պացիենտն է, որի հսկայական վերջույթը փոքրացրել են հակաքաղցկեղային դեղամիջոցով

19:35   20 հուլիսի, 2019

28-ամյա Արիանա Ֆարուն ԱՄՆ-ում առաջին պացիենտն է, որի հսկայական վերջույթը փոքրացրել են հակաքաղցկեղային դեղամիջոցով։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Արիանան տառապում է Կլիպել-Տրենոնե-Վեբերի ախտանիշով, որն ազդում է արյունատար անոթների, մաշկի, մկանների եւ ոսկրերի զարգացման վրա։ Հիվանդության պատճառով նրա աջ ոտքը երկու անգամ մեծ է ձախից։ Երկու ամսականում նա սեպտիկ շոկ է տարել, իսկ ամբողջ կյանքում նա վիրահատվել է ավելի քան 50 անգամ։ Առողջական խնդիրների հետեւանքով, որոնք ստիպել են նրան ժամանակի մեծ մասն անցկացնել անկողնում, Արիանայի մոտ ծանր դեպրեսիա է առաջացել։

Բայց հիմա, ամենայն հավանականությամբ, կնոջ տառապանքները վերջ կունենան շնորհիվ երեք ամսվա ընթացքում հակաքաղցկեղային դեղամիջոցների կիրառման։ Ախտանիշի բուժման համար այդ դեղամիջոցները ԱՄՆ-ում օգտագործվում են առաջին անգամ։ Բուժման մանրամասները չեն հրապարակվում, բայց ինքը՝ Արիանան, լավատես է եւ հույս ունի ընդմիշտ հրաժեշտ տալ ուժեղ ցավին, որը հետապնդել է նրան վերջին տարիներին։

«Կյանքն այս ախտանիշով չափազանց ծանր էր եւ տառապալից, բայց այդ փորձությունը սովորեցրել է ինձ սրտակցել նրանց, ովքեր դժվար ժամանակներ են ապրում»,- նշում է նա։



© NEWS.am Medicine