Գինու բաժակն օգնել է կնոջը քաղցկեղը բացահայտելու հարցում

12:16   21 հուլիսի, 2019

Բրիտանական Նոթինհեմ քաղաքից 25-ամյա Լորեն Ֆիրենցան կարողացել է ժամանակին հայտնաբերել չարորակ նորագոյացությունը գինու բաժակի շնորհիվ:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ընկերների հետ ընթրիքի ժամանակ ըմպելով գինի՝ Լորենն անսպասելիորեն ցավագին քոր է զգացել ձեռքի եւ պարանոցի հատվածում: Սկզբում նա հատուկ ուշադրություն չի դարձրել այդ ախտանշանին, սակայն մեկ ամիս անց քորը կրկնվել է ոգելից խմիչքի եւս մեկ բաժին օգտագործելուց հետո:

Այդ ժամանակ Լորենը դիմել է բժշկի: Հետազոտության արդյունքում նրա ձախ թոքում հայտնաբերվել է չարորակ ուռուցք՝ Հոջքինի լիմֆոմա: Ընդ որում՝ հիվանդությունը ախտորոշվել էր վերջին՝ չորրորդ փուլում: Պարզվում է՝ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո քորը լիմֆոմայի ախտանշաններից մեկն է:

Լորենը ստիպված էր ստանալ քիմիաթերապիայի վեց կուրս երեք ամիսների ընթացքում: Բարեբախտաբար, բուժումն արդյունավետ էր, եւ ուռուցքը հաջողվել էր հաղթահարել: Հիվանդության կրկնությունը բացառելու համար կինը պետք է ստանա քիմիաթերապիայի եւս երկու կուրս:



© NEWS.am Medicine