Տեստոստերոնի ընդունումը բարձրացնում է կաթվածների ռիսկը. հետազոտություն

10:49   23 հուլիսի, 2019

Տեստոստերոնի ընդունումը հորմոնափոխարինիչ թերապիայի շրջանակում միջին եւ ավագ տարիքի տղամարդկանց մոտ 21 տոկոսով բարձրացնում է կաթվածների ռիսկը։ Այս մասին տեղեկացնում են Մոնրեալի Մաքգիլի համալսարանի գիտնականները։

Մասնագետները վերլուծել են ավելի քան 15 հազար բրիտանացի տղամարդկանց առողջական վիճակը եւ պարզել, որ տեստոստերոնի ընդունումը հանգեցնում է կյանքի համար սպառնալից խնդիրների սրտի համար թերապիան սկսելուց հետո արդեն առաջին տարիներին։

Հորմոնափոխարինիչ թերապիան երբեմն խորհուրդ են տալիս տեստոստերոնի իջած մակարդակով տղամարդկանց ոսկրերի տարիքային փխրունության, դեպրեսիայի եւ այլ խնդիրների պրոֆիլակտիկայի համար։ Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման պատճառով հաճախ պակասում են էներգիայի ցուցանիշները, լիբիդոն, եւ տրամադրությունն ընկնում է, նրանք իրենց խոցելի են զգում, հաճախ տառապում են ուժեղ դեպրեսիայից եւ անգամ բախվում են ինքնասպանության մտքերի հետ։

Տեստոստերոնի ընդունումը կարճ ժամկետում թույլ է տալիս շտկել այս իրավիճակը եւ տղամարդկանց վերադարձնել վստահությունը սեփական ուժերի հանդեպ։ Բայց, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, այն 21 տոկոսով բարձրացնում է կաթվածների հավանականությունը նրանց համեմատ, ովքեր հորմոններ չեն օգտագործում։ Հատկապես նկատելիորեն ավելացել է իշեմիկ, միոկարդի կաթվածի կամ սրտի ռիթմի խախտումների ռիսկը։



© NEWS.am Medicine