Ներբանային գորտնուկ. ինչպե՞ս խուսափել

11:24   24 հունիսի, 2014

Ախ այդ ներբանային գորտնուկները… Որքան ցավոտ են, խորը եւ տգեղ: Հրաշքով ոտքի տակ են «ընկնում» եւ միայն երկար ժամանակ անց անհետանում: Բայց այստեղ էլ կարելի է փրկարար միջոցներ գտնել: Ստորեւ ներբանային գորտուկներ դեմ պայքարի եւ հետագա տհաճություններից խուսափելու ամենահեշտ ու արագ միջոցներն ենք ներկայացնում.

Նախ` ինչպես ենք ձեռք բերում

Ներբանային գորտուկները պատճառը պապիլոմա անունը կրող վարակն է (HPV). Այն ձեռք բերելու համար ձեր մաշկը պետք է վարակը պարուկանող մակերեսի հետ անմիջական շփման մեջ մտնի: HPV-ն հիմնականում լողավազաններում է հանդիպում, որտեղ, խոնավության բարձր մակարդակի շնորհիվ, վարակի կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան, տեղեկացնում է FoxNews-ը:  

Վարակը մաշկից ներս է թափանցում, «նստում» մարմնի մեջ եւ այդ կերպ իմունային համակարգի համար գրեթե անհասանալի դառնում: Իսկ արդեն գորտնուկը կարող է մի քանի ամսից մինչեւ մի քանի տարի գոյատեւել, համապատասխան բուժում չստանալու դեպքում` նույնիսկ տարածվել: Գումարած դրան` չափացանց անհարմար ճնշում է գործադրում ոտքին…

Կպչուն ժապավենը կարծես թե օգնում է…

Գորտնուկի մակեսերին կպչուն ժապավեն ամրացնելով երբեմն կարելի է հաջողության հասնել: Այս պարագայում ոչ թե ժապավենն է ինչ-որ կերպ «սպանում» գորտնուկին, այլ պարզապես մաշկի ալերգիկ ռեակցիա է սկսվում, ինչը հավելյալ խթան է գորտնուկի` իմունային համակարգի կողմից ոչնչացման համար: 2007թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս միջոցը 21 տոկոս արդյունավետություն ունի: Եթե ցանկանում եք փորձել` ապա հետեւյալ կերպ. գորտնուկի չափերից մեծ ժապավեն օգտագործեք, որպեսզի այն ամուր կպնի մաշկին, սպասեք վեց ու կես օր, այնհետեւ քնելուց առաջ հեռացրեք ժապավենը եւ մաշկին գիշերը հանգստանալու ժամանակ տվեք: Գործողությունը մի քանի անգամ կրկնեք:  .

Մաշկային լոսյոններ փորձեք

Որպես կանոն, ներբանային գորտնուկի դեպքում առաջին հերթին մաշկային լոսյոնների օգնությանն են դիմում: Այդ սալիցիլաթթվային հիմքով դեղամիջոցները, մանավանդ երբ ամենաբարձր բաղադրությունն ունեն, կարող են ցանկալի արդյունք գրանցել: Սակայն հարկ է, որ դեղամիջոցի արագ ներթափանցումն ապահովելու համար լոսյոնը քսելուց առաջ գորտնուկի արտաքին մաշկը հեռացնեք: Չէ՞ որ ոտքի տակի մաշկը10-15 անգամ հաստ է` մարմնի մակերեսի այլ հատվածների համեմատությամբ:

Եվ վերջապես, ախտահարեք ձեր կոշիկները` ժավելի կամ քացախի օգնությամբ, եթե մերկ ոտքերով անմիջական շփում եք ունեցել դրանց հետ:

Խուսափեք դանակից

Եթե փորձեք գորտնուկը սուր կտրող գործիքով հեռացնել, ապա ոչ միայն կարող եք վնասել ձեզ, այլ նաեւ վարակի տարածման համար նոր պայմաններ ստեղծել: Չի կարելի նաեւ մաշկը չափազանց սառը կամ տաք ջերմաստիճանի ենթարկել` այդ կերպ գորտնուկը չի հեռանա, եւ միայն ինքներդ ձեզ կվնասեք:

Մասնագիտական օգնություն խնդրեք

Ներբանային գորտուկից ազատվելու թերեւս լավագույն տարբերակը օրթոպեդին կամ մաշկաբանին դիմելն է: Նրանք կարող են բազմաթիվ արդյունավետ միջոցներ նշանակել: «Անհարմարությունը» լազերով կամ վիրահատական միջամտությամբ հեռացնելու տարբերակը եւս գործում է:

Խուսափեք նոր շփումներից

Անչափ կարեւոր է` ոտքը պաշտպանված պահել վերը հիշատակված շփումներից: Դրա համար նախ հարկավոր է ոտաբոբիկ չշրջել  հանրային լողավազաններում, մարզասրահներում եւ հանդերձարաններում: Չի կարելի նաեւ ուրիշի կոշիկ կրել: Եվ ի վերջո` խուսափեք ոտնաթաթի ստորին հատվածի կտրվածքներից:



© NEWS.am Medicine