4 միկրոտարր, որոնք անհրաժեշտ են ատամների եւ լնդերի առողջության համար

11:09   27 հուլիսի, 2019

Հավասարակշռված, «գրագետ» սնվելը շատ կարեւոր է ատամների ու լնդերի եւ ընդհանրապես՝ առողջության պահպանման համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի միկրոտարրեր, որոնք պետք է անպայման լինեն առողջ եւ ամուր ատամներ ունենալ ցանկացող մարդու սննդաբաժնում։

Կալցիում

Այն մասին, թե որքան կարեւոր է կալցիումն ատամների եւ ոսկրերի համար, դուք հաստատ արդեն բազմիցս լսել եք։ Կալցիումի պակասի դեպքում ատամի էմալը քայքայվում է։ Կալցիումը, ինչպես նշում են փորձագետները, պետք է օգտագործել ամեն օր սննդի հետ։ Այն պարունակվում է այնպիսի մթերքների մեջ, ինչպիսին են պանիրները, ձուն, միսը, կաթը եւ մյուս կաթնամթերքները։

Մագնիում

Մագնիումի պակասն օրգանիզմում բարձրացնում է ատամների զգայունությունը, ինչի հետեւանքով դրանք ցավով են արձագանքում անգամ չափավոր տաք կամ սառը ուտելիքին։ Օրգանիզմում մագնիումի պաշարները համալրելու համար պետք է կանոնավորապես օգտագործել դդմիկ, դդում, բազուկ, լոբազգիներ, կարտոֆիլ, չրեր։

Ֆոսֆոր

Ֆոսֆորը ատամներին սպիտակություն է հաղորդում։ Այն պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսին են կարմիր միսը, ձուկը, հնդկաձավարը, կաթնամթերքները, լոբին։

РР վիտամին

РР վիտամինը կարեւոր է լնդերի առողջության համար։ Եթե ձեր ատամները հաճախ արնահոսում են, դա կարող է լինել օրգանիզմում РР վիտամինի պակասի նշան։ Այդ վիտամինով հարուստ են ընկույզները, հնդկահավը, ծովամթերքները, տավարի միսը, ծովի ձկները։



© NEWS.am Medicine