Ամառային ուտեստների` սրտի համար առողջարար թոփ հնգյակը

19:32   24 հունիսի, 2014

Ամռանը առողջ սնվելու հրաշալի հնարավորություններ են ստեղծվում: Օրինակ` արյան ճնշման կարգավորմանը միտված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձմերուկն աստիճանաբար լավագույն այլընտրանքի կարգավիճակ է ձեռք բերում: Տոնեք ամառը` ձմերուկի եւ այլ թարմ մրգերի ու բանջարեղենների հետ միասին. այն ձեր սրտի առողջությանը մի քանի սեզոն  կբավարարի:

Քլիվլենդի կլինիկայի կանխարգելիչ սրտաբանության եւ վերակենդանացման բաժնի երկու դիետոլոգներ` Ջուլիա Ցումպանոն եւ Քեյթ Պատոնը սրտի համար առողջարար ամառային ուտեստների թոփ հնգյակն են կազմել.

1. Ավոկադո


Ավոկադոյի պյուրեն մայոնեզի կամ կարագի առողջարար այլընտրանքը կարող է համարվել: Ուտեստի մեկ բաժինը` բաժակի քառորդ մասի չափով, 6 գրամ մոնոչհագեցած ճարպ եւ կալորիա է պարունակում:

2. Լոլիկ


Լոլիկն ամռան ամենաառողջարար պարգեւներից է, քանի որ մեծ քանակությամբ լիկոպին է պարունակում (բջիջները վնասվածքներից պաշտպանող եւ խոլեստերինի մակարդակը ցածր պահող հակաօքսիդանտ):

3. Սաղմոն


Խորոված սաղմոնը գերազանց ընտրություն է սրտի առողջության  համար: Շաբաթական երկու անգամ 100-120 գրամ ընդունելով` օմեգա-3 ճարպաթթվի անհրաժեշտ սնուցում կստանաք, ինչը հրաշալի կանխարգելիչ միջոց է ինֆարկտի, արյան մակարդման, զարկերակի պատերի երկայնքով խցանումների առաջացման եւ տրիգլիցերիդների դեմ:

Խորովելիս մի հեռացրեք մաշկը եւ վրան մի փոքր ձեթ ցանեք: Պատրաստեք միջին կրակի վրա: 

4. Կանաչեղեն


Սննդարար նյութերով հարուստ կանաչեղենը միայն սալաթների համար չէ, որ պիտանի է. դրանք կարելի է նաեւ հում կամ խաշած ուտել: Առանձնապես օգտակար են  կաթնուկը, կարմիր եւ կանաչ կաղամբը, շաղգամը, սպանախը, ճակնդեղը եւ այլն: Սրանցից յուրաքանչյուրը մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ, միներալներ, հակաօքսիդանտներ եւ ցածր կալորիա է պարունակում (մեկ բաժակ սպանախը` 7, կարմիր կաղամբը` 22 կալորիա):

5. Թարմ մրգեր


Տեղական մրգատեսակները` սեխը, դեղձը, տանձը, բալը, սալորը, մեծ քանակությամբ սնուցիչներ կհաղորդեն ձեր օրգանիզմին: Մրգային դիետայի օգնությամբ արյան ճնշումը ցանկալի մակարդակի վրա կպահեք եւ շոգ օրերին օրգանիզմի ջրազրկումից կխուսափեք:

Ձմերուկի հայտնությունը


Ձմերուկը ամառային առողջարար ուստեստների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում` լիկոպինի հարուստ պաշարների եւ ցածր կալորիականության հաշվին (մեկ բաժակը` 46 կալորիա): Վերջերս Ֆլորիդայի պետական համալսարանի գիտահետազոտական խմբի կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն կարող է նաեւ արյան ճնշման կարգավորման գործիք ծառայել:



© NEWS.am Medicine