«Որովհետեւ աղջիկ է». Հնդկաստանում հայրը հրաժարվել է երիկամը նվիրաբերել 16-ամյա աղջկան

14:20   1 օգոստոսի, 2019

16-ամյա Կանչան Կումարիի պատմությունը Հնդկաստանում ցնցել է շատերին։ Աղջիկը երիկամային անբավարարություն ունի, եւ հարկավոր էր երիկամի փոխպատվաստում անել, բայց աղջկա հայրը հրաժարվեց դոնոր լինել։

Ինչպես տեղեկացնում է Times of India-ն, աղջիկը լավ էր սովորում դպրոցում, եւ ոչինչ չէր վկայում դժբախտության մասին։ Մի անգամ քննությունները հանձնելու ժամանակ նա վատ է զգացել, եւ նրան տարել են հիվանդանոց։ Շուտով պարզվել է, որ աղջիկը երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ ունի, եւ նրան հարկավոր է երիկամ փոխպատվաստել։

Հայրը՝ Ռամաշրայ Յադավը, հրաժարվել է դոնոր լինել, թեեւ դստեր հետ համատեղելի էր։ Նա հրաժարումը պատճառաբանել է մի քանի պատճառներով. նախ՝ ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ փոխպատվաստումը հաջողություն կունենար, երկրորդ՝ ազգականների խոսքով՝ Կանչանը աղջիկ է, եւ դա արդեն պատրվակ է նրան օրգան չտալու համար. աղջիկը, միեւնույն է, կգնա ընտանիքից, երբ ամուսնանա, նա չի հոգա ծեր ծնողների մասին։

Բացի այդ, փոխպատվաստման վիրահատությունը շատ թանկ է, եւ աղքատ ընտանիքը չի կարողանա վճարել։

Աղջկա պատմությունը մեծ արձագանք է առաջացրել։ Կինը Կալիֆոռնիայից արդեն ցանկություն է հայտնել աղջկան նվիրաբերել իր երիկամը։ Բացի այդ, հնդկական հիվանդանոցներից մեկը խոստացել է օգնել Կանչանի համար դոնոր փնտրելու հարցում։



© NEWS.am Medicine