Գիտնականները պարզել են, թե որ մթերքներն են նվազեցնում մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը

10:50   2 օգոստոսի, 2019

Նոր հետազոտության համաձայն՝ գազարի, բրոկոլիի եւ քաղցր կատոֆիլի գործածումը կարող է օգնել մաշկի քաղցկեղի կանխմանը: Այս բանջարեղենները հարուստ են А վիտամինով, որն առանցքային նյութ է համարվում մաշկի առողջության պահպանման համար:

Բրաունի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները պնդում են, որ A վիտամինի մեծ պարունակությամբ մթերքների մեծ քանակությամբ գործածումը կարող է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույնի ազդեցությունից՝ դրանով իսկ 17 տոկոսով նվազեցնելով մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գիտնականները վերլուծել են 123 570 ամերիկացիների տվյալները եւ սննդակարգը, որոնք փաստաթղթավորվել են շուրջ 26 տարի: Հետազոտության գրեթե 4 հազար մասնակիցների մոտ ախտորոշվել է հարթբջջային քաղցկեղ (վերնամաշկային կերատինոցիտների չարորակ ուռուցք): Ընդ որում՝ փորձարկվողների շրջանում քաղցկեղի հավանականությունը նվազել է ելնելով A վիտամինի գործածման մակարդակից: Այս վիտամինի մեծ պարունակությամբ մթերքներն են գազարը, քաղցր կարտոֆիլը, քաղցր կարմիր պղպեղը, բրոկոլին, սպանախը, ինչպես նաեւ տավարի լյարդը եւ ձողաձուկը:

Նշվում է, որ տարբեր սննդային հավելումների միջոցով օրգանիզմ ստացվող А վիտամինը համանման պաշտպանական ազդեցություն չի ունենում:

Հետազոտության հեղինակները միաժամանակ հիշեցնում են, որ օրգանիզմում А վիտամինի գերավելցուկը կարող է առողջության վրա բացասական ներգործություն ունենալ՝ մեծացնելով օստեոպորոզի զարգացման հավանականությունը:

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են JAMA Dermatology ամսագրում:



© NEWS.am Medicine