Հնդկաստանը 530 հազար ԱՄՆ դոլար կներդնի Հայաստանի հեռաբժշկության ոլորտում

15:58   24 հունիսի, 2014

Այսօր` հունիսի 24-ին Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել` Հայաստանում հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին: Փաստաթուղթը Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն են ստորագրել:

Համաձայն հուշագրի, Հնդկաստանի միջնորդությամբ Երեւանի բժշկական կենտրոններից մեկին եւ ինը մարզային բուժհաստատությունների ժամանակակից բժշկական սարքավորումներ են տրամադրվելու, որոնց օգնությամբ Հնդկաստանի առաջատար բժշկական հաստատություններում աշխատող մասնագետների հետ խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում իրականացնելու հնարավորություն կընձեռնվի, ինչն էլ իր հերթին հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակի բարձրացմանը կնպաստի:

Հնդկական կողմը պարբերաբար գիտելիքների բարելավմանը միտված դասընթացներ է կազմակերպելու` հայ մասնագետների համար:

Հնդիկ մասնագետներն այդ բնագավառում աշխատանքի մեծ փորձ ունեն, ինչը հատկապես մեր մարզային բուժհաստատությունների բարեկարգմանը կնպաստի:

Ստորագրված հուշագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումների համար Հնդկական կողմից շուրջ 530 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ են ակնկալվում:



© NEWS.am Medicine