Հեմոգլոբինի մակարդակը եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը փոխկապակցված են

11:02   6 օգոստոսի, 2019

Էրազմ Ռոտերդամցու համալսարանի Բժշկական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ հեմոգլոբինի ինչպես ցածր, այնպես էլ բարձր մակարդակը մեծացնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը: Հետազոտության արդյունքները ներկայացված են Neurology ամսագրում:

Գիտնականները Ռոտերդամյան պոպուլյացիոն հետազոտության շրջանակում ընդհանուր վերլուծել են 12 305 մարդու տվյալները: Կամավորների միջին տարիքը կազմել է 64,6 տարի, ընդ որում՝ նրանցից 57,7 տոկոսը կանայք էին: Նշվում է, որ բոլոր փորձարկվողները հետազոտության սկզբում կոգնիտիվ խնդիրներ չեն ունեցել:

Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների շիճուկային հեմոգլոբինը եւ փորձարկվողներին հետեւել շուրջ 12 տարի: Նշված ժամանակահատվածում 1520 մարդու մոտ դեմենցիա է զարգացել, ընդ որում՝ նրանց գերակշիռ մեծամասնության՝ 1194-ի մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն:

Պարզվել է, որ հեմոգլոբինի առավել բարձր մակարդակի դեպքում դեմենցիայի զարգացման հավանականությունը մեծացել է 20 տոկոսով, Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը՝ 22 տոկոսով, իսկ հեմոգլոբինի ավելի ցածր մակարդակի դեպքում հավանականությունն աճել է համապատասխանաբար՝ 29 եւ 36 տոկոսով: Ընդ որում՝ հետազոտողները հաշվի են առել այնպիսի ցուցանիշները, ինչպես կրթական մակարդակը, զարկերակային ճնշումը, դիաբետի առկայությունը/բացակայությունը, ալկոհոլի օգտագործումը եւ այլն:



© NEWS.am Medicine