Իսրայելում նանոպատվաստանյութ է մշակվել քաղցկեղի ագրեսիվ տեսակի դեմ

16:28   7 օգոստոսի, 2019

Թել Ավիվի համալսարանի գիտնականները նանոպատվաստանյութ են մշակել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակի՝ մելանոմայի դեմ:

Փորձերի շրջանակում մելանոմայով հիվանդ մկներին ներարկել են կենսաքայքայվող պոլիմերից նանոմասնիկներ՝ ներսում երկու պեպտիդով, որոնք արտահայտվում են մելանոմայի բջիջներում:

Արդյունքում, ինչպես նշում է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ռոնիթ Սատչի-Ֆաինարոն, նանոմասնիկները խթանել են մկների իմունային համակարգը, որի հետեւանքով իմունային բջիջները «սովորել» են մելանոմայի բջիջները ճանաչել եւ հարձակվել դրանց վրա:

Պատվաստանյութի արդյունավետությունը հաստատվել է փորձերի շարքի ընթացքում, այդ թվում՝ գլխուղեղի մելանոմայի մետաստազներով պացիենտներից վերցված հյուսվածքների վրա:

Պատվաստանյութի անվտանգությունն ապացուցելու համար անհրաժեշտ են կլինիկական փորձարկումներ, որոնց արդյունքը հնարավոր կլինի տեսնել  մոտ 10 տարի հետո:

Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Nature Nanotechnology ամսագրում:



© NEWS.am Medicine