Նարգիլե ծխելը կարող է թոքերի քաղցկեղի պատճառ դառնալ. ԱՀԿ փորձագետ

21:25   8 օգոստոսի, 2019

Ողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության միակ կանխվող ռիսկն է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեպարտամենտի փորձագետ Անդրե Իլբավին:

Ծխելը մինչ այժմ համարվում է թոքերի քաղցկեղի հիմնական պատճառը: Փորձագետի խոսքով՝ ծխախոտի ծուխի մեջ կան 7 հազար քիմիկատներ, որոնցից առնվազնը 250-ը վնասակար են օրգանիզմի համար, իսկ 50-ը քաղցկեղ են առաջացնում: Ընդ որում, հնարավոր է նաեւ թոքերի քաղցկեղ ստանալ, եթե մարդը, օրինակ, միայն նարգիլե է ծխում:

«Այո, հնարավոր է միայն նարգիլե ծխելով թոքերի քաղցկեղ ստանալ, դա հաստատված է»,- նշել է Իլբավին:

Ծուխը, որը մարդը շնչում է նարգիլե ծխելիս, նաեւ իր մեջ տոքսիկ նյութեր է պարունակում, որոնք կարող են քաղցկեղ եւ սրտանոթային հիվանդություններ առաջացնել: Օրգանիզմի համար վնասակար նիկոտինը մասնակիորեն ներծծվում է ջրով, սակայն նարգիլե ծխողն ավելի շատ ծխի կում է անում, քան նրանք, ովքեր ծխախոտ են ծխում:

Էլեկտրոնային ծխախոտի դեպքում առողջության վրա բացասական ազդեցությունը գալիս է թոքային համակարգից: Չի կարելի բացառել նաեւ ոչ բարենպաստ ազդեցությունը, օրինակ, սրտանոթային համակարգի վրա եւ քաղցկեղածին էֆեկտը:

«Էլեկտրոնային ծխախոտները ուժեղ կախվածություն են առաջացնում, իսկ նիկոտի երկարատեւ օգտագործման անվտանգության բավարար ապացույցներ չկան»,- հավելել է ԱՀԿ փորձագետը:    



© NEWS.am Medicine