Ինչպե՞ս պաշտպանվել ծերունական տկարամտությունից

13:34   12 օգոստոսի, 2019

Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ Ֆինլանդիայից  մի խումբ գիտնականներ հայտնել են ծերունական տկարամտությունը կանխելու մեթոդի մասին:

Իրենց աշխատանքում հետազոտողները հիմնվել են սրտանոթային համակարգի հիվանդությունների վտանգի գործոնների նվազեցման Life Simple 7 ծրագրի վրա, որը մշակվել է  Ամերիկյան Սրտաբանական ասոցիացիայի կողմից:

Այդ գործոնները 7-ն են՝ ծխել, սննդաբաժին, ֆիզիկական ակտիվություն, մարմնի զանգվածի ինդեքս, արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակի, ինչպես նաև արյան ճնշման ցուցանիշներ:

Գիտնականները որոշել են պարզել՝ կա արդյոք կապ սրտանոթային համակարգի եւ ծերունական տկարամատության միջեւ:

Դրա համար Life Simple 7 համակարգով գնահատվել են 50 տարեկան մարդկանց սրտանոթային համակարգի առողջության ցուցանիշները, ինչպես նաեւ հետագա 25 տարիներին դեմենցիայի զարգացման ռիսկերը: Ընդհանուր առմամբ հետազոտությունում ընդգրկվել է 7899 տղամարդ եւ կին, որոնք 50 տարեկանում ոչ դեմենցիա, ոչ էլ սրտանոթային համակարգի խնդիրներ են ունեցել:

25 տարվա  դիտարկումների ընթացքում  դեմենցիայի 274 դեպք է գրանցվել, ընդ որում ախտորոշման միջին տարիքը կազմել է 75 տարի:

Վերլուծելով տվյալները՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ Life Simple 7-ի խորհուրդներին հետեւելը միջին տարքիում նվազեցնում է հետագայում դեմենցիայի զարգացման հավանականությունը:

Այսպիսով՝ առողջ սնունդը, սպորտով զբաղվելը եւ ծխելուց հրաժարվելն իսկապես օգնում են նվազեցնել բորբոքումը եւ բարելավել արյունատար անոթների վիճակը, ինչը բարենպաստ է անդրադառնում ուղեղի առողջության վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում:

 

 

 



© NEWS.am Medicine