Ազատվելով  հսկայական ուռուցքից՝ կինը 20 տարվա մեջ առաջին անգամ կարողանում է ժպտալ

18:25   12 օգոստոսի, 2019

Ծնոտի վրա հսկայական ուռուցքը գրեթե 20 տարի Սիերա Լեոնեի բնակչուհի Իսատուին զրկել է ժպիտից:

Արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նորագոյացությունը հայտնվել է, երբ աղջիկը 10 տարեկան էր: Ուռուցքը բառացիորեն գրավել է ողջ դեմքը: Իսատուի մոտ ախտորոշել են ամելոբլաստոմա՝ բարորակ ուռուցք: Եվ դրա պատճառով նա շնչառական լուրջ խնդիրներ է ունեցել: Բացի այդ, նա ստիպված է եղել տարիներով հանդուրժել իր հասցեին ծաղրանքները:

Հուսահատված Իսատուն իր որդու հետ 300 կմ է հաղթահարել եւ հասել բարեգործական Mercy Ships հոսպիտալ: Ընդհանուր առմամբ նա 3 վիրահատության է ենթարկվել՝ ուռուցքի հեռացում, ծնոտի փոխարինում, ինչպես նաեւ դեմքի վրա սպիների հարթեցում;

Ուռուցքի հեռացման առաջին վիրահատությունը տեղի է ունեցել սեպտեմբերին, այն տեւել է 5 ժամ: 3 ամիս անց ծնոտը վերականգնել են կոնքոսկրից, ապա պլաստիկ վիրահատություն արել:

Բժիշկների խոսքով՝ կինը՝ տեսնելով դեմքն առանց ուռուցքի, չի կարողացել զսպել երջանիկ ժպիտը:

«Այդ ժպիտը թաքցնում էր նոր կյանքի հանդեպ հավատը: Իսատուն կարծես նորից է ծնվել»,- պատմել են բժիշկները:



© NEWS.am Medicine