Աղջիկը, ում մոտ մահացու վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել, նշել է 9-ամյակը՝ չնայած բժիշկների կանխատեսումներին

22:35   13 օգոստոսի, 2019

9-ամյա ամերիկուհի Բրուքը շարունակում է պայքարել իր կյանքի համար՝ չնայած բժիշկների վատատեսական կանխատեսումներին:

The World News-ի հաղորդմամբ՝ սարսափելի ախտորոշումը տրվել է, երբ նա ընդամենը 5 շաբաթական էր: Նրա մայրը՝ Բրիթանին, լավ է տարել հղիությունը, եւ բազմաթիվ հետազոտությունները պտղի մոտ որեւէ շեղում չեն հայտնաբերել: Լույս աշխարհ գալուց հետո աղջկա աջ աչքն ամբողջովին չի բացվել: Հետագայում պարզվել է, որ դա ծանր գենետիկ հիվանդության՝ Այկարդի համախտանիշի դրսեւորումներից մեկն է:

Այկարդի համախտանիշը կապված է X-քրոմոսոմում մուտացիայի հետ, եւ այն նկատվում է ինֆանտիլ սպազմերով (էպիլեպտիկ նոպայի տեսակ): Նկատվում է նաեւ մտավոր հետամնացություն եւ ողնաշարի զարգացման անոմալիա:

Օրվա ընթացքում ուժեղ սպազմերը կարող են մահացու լինել: Չնայած դրան՝ Բրուքը նշել է իր 9-ամյակը, եւ ծնողները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այկարդի համախտանիշն այնքան հազվադեպ հիվանդություն է, որ Արիզոնայում Բրուքի մանկության շրջանում կար ընդամենը մեկ բժիշկ, որին դիմել էին նման հիվանդներ:

«Նա եկավ արցունքներն աչքերին եւ ասաց մեզ, թե ինչ է ախտորոշվել: Նա ասաց, որ, հնարավոր է, աղջիկս չապրի մինչեւ իր ծննդյան օրը»,- հիշում է Բրիթանին:

Ծնողները փորձում են Բրուքին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, սակայն ոչ ոք չգիտի՝ դեռ որքան կապրի աղջիկը:  



© NEWS.am Medicine