Պարզվել է, որ դեպրեսիայի պատճառը նարնջի չափի հասած ուղեղի ուռուցքն էր

12:20   14 օգոստոսի, 2019

32-ամյա Էմիլի Կորիգանը մի քանի տարի շարունակ պայքարում էր սթրեսի, սաստիկ հոգնածության եւ գլխապտույտի դեմ՝ նույնիսկ չկասկածելով, որ այս ախտանշանները ծանր հիվանդություն են ցույց տալիս:

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Էմիլին իր դյուրագրգռությունը եւ հոգնածությունը վերագրում էր ընտանեկան հոգսերին. կինը 4 երեխաների մայր է: Սակայն օրերից մի օր նրա մոտ տեղի էր ունեցել լուրջ նոպա, որն ավարտվել էր հոսպիտալացմամբ: Հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր աստրոցիտոմա՝ գլխուղեղի ուռուցք, որը նարնջի չափերի էր: Բժիշկների գնահատմամբ՝ ուռուցքն աճել էր 7-10 տարվա ընթացքում:

Աստրոցիտոման հեռացվել էր վիրաբուժական ճանապարհով, սակայն մի քանի տարի հետ կրկնվել էր: Արդյունքում՝ Էմիլին ստիված էր կրկին վիրահատվել եւ հիմա քիմիաթերապիայի կուրսեր է ստանում:

Կինը խոստովանում է, որ պետք է ավելի վաղ ուշադրություն դարձներ տագնապահարույց ախտանշաններին, սակայն գլխացավերը եւ սթրեսը վերագրվել են երեխաների խնամքի հետ կապված հոգնածությանը: Էմիլին կոչ է անում սեփական առողջությանն ավելի ուշադիր վերաբերվել եւ տկարության դեպքում չհետաձգել բժշկին այցելությունը:



© NEWS.am Medicine