Գիտնականները հայտնել են, թե որ սննդակարգն է դանդաղեցնում քաղցկեղի զարգացումը

18:03   14 օգոստոսի, 2019

Կետո սննդակարգը եւ ածխաջրերի փոքր պարունակությամբ այլ սննդակարգերը նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է Cell Reports ամսագրում հրապարակված մոլեկուլյար կենսաբանների հոդվածում:

Կետո սննդակարգում կալորիաների հիմնական մասը կազմում են ոչ թե ածխաջրերը, այլ ճարպերը եւ սպիտակուցները, որոնց շնորհիվ ներքին օրգանների համար էներգիայի հիմնական աղբյուր  են դառնում ճարպաթթուները եւ կետոնները:

Դալասում Տեխասի համալսարանից Ջեյ Կիմը եւ նրա գործընկերները որոշել են ստուգել այն վարկածը, որ կետո սննդակարգը, օրգանիզմում շաքարի հասանելիությունը նվազեցնելով, կարող է ճնշել քաղցկեղային ուռուցքների աճը: Այս նպատակով փորձի շրջանակում մկներին պատվաստվել են հարթբջջային քաղցկեղի բջիջների կուլտուրաներ:

Պարզվել է, որ կետո սննդակարգը, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի խտության ուղղակի նվազեցումը, կրծողների օրգանիզմում ճնշում է մաշկի կամ թոքերի քաղցկեղի բջիջների աճը: Գիտնականները նշում են, որ սա ուռուցքը չի ոչնչացրել, սակայն խոչընդոտել է դրա հետագա աճին: Ընդ որում՝ փորձարարական կրծողների մոտ չեն զարգացել հիպոգլիկեմիա կամ արյան մեջ շաքարի քրոնիկական պակասի այլ հետեւանքներ:

Գիտնականների ծրագրերի մեջ է մտնում կլինիկական փորձարկումների անցկացումը կամավորների վրա:



© NEWS.am Medicine