Եփած ձուն աղջկա աչքը վնասել է

12:19   15 օգոստոսի, 2019

Համացանցում գտած բաղադրատոմսով ձվերը պատրաստելու ցանկությունը անգլիական Ռեդիթչ քաղաքի բնակչի համար տեսողության գինն է ունեցել:

The Sun-ը հայտնում է, որ 22-ամյա Բեթանի Ռոսերը որոշել է ձվերը պատրաստել միկրոալիքային վառարանում: Համացանցից վերցրած բաղադրատոմսի համաձայն՝ ձվերը պետք է դրվեին աղի ջրի մեջ եւ միկրոալիքային վառարանում պատրաստվեին 6 րոպե:

Երբ Բեթանին միկրոալիքային վառարանից ձվերը հանել է, դրանցից մեկը պայթել է եւ այրել աղջկա դեմքի մի մասը: Արդյունքում տուժել է նրա աջ աչքը. տեսողությունը վատթարացել է, եւ Բեթանին, իր խոսքով, ամեն ինչ ասես մշուշի մեջ է տեսնում: Ընդ որում՝ բժիշկներն առայժմ խուսափում են տեսողության ամբողջական վերականգնման վերաբերյալ կանխատեսումներից:

Ավելի վաղ ամերիկացի մասնագետներն ապացուցել էին, որ եփած կամ հում ձվերը կարող են միկրոալիքային վառարանում պայթել:



© NEWS.am Medicine