ԱՄՆ-ում տիզերը դարձել են հազվագյուտ վիրուսի փոխանցողներ

12:02   17 օգոստոսի, 2019

Ամերիկյան Իլինոյս նահանգում հայտնաբերվել են հազվագյուտ վիրուս Heartland-ը փոխանցող տիզեր: Սրա հետ կապված հրապարակվել է պաշտոնական զգուշացում՝ ուղղված տեղի բնակիչներին, որ դրսեւորեն զգուշավորություն եւ զգոնություն: Դրանից բացի, մասնագետները խորհուրդ են տալիս արյունածուծ միջատներից պաշտպանվելու համար օգտագործել ռեպելենտներ:

Վիրուսը հայտնաբերվել է համեմատաբար վերջերս՝ 2009 թվականին, եւ կարող է բերել մահվան ելքի: Դրա հիմնական փոխանցողներն են «Միայնակ աստղ» (Amblyomma americanum) տիզերը, ինչպես նաեւ մոծակները եւ մլակները:

Վիրուսին հատուկ են հետեւյալ ախտանշանները՝ տենդ, 38° C-ից բարձր ջերմություն, թուլություն, գլխացավ, մկանային եւ հոդացավեր, ախորժակի կորուստ, սրտխառնոց, դիարեա: Արյան անալիզի ժամանակ հայտնաբերվում են լեյկոպենիա (լեյկոցիտների մակարդակի նվազում) եւ թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակության նվազում):

Նախկինում Heartland վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ամերիկյան 5 նահանգներում՝ Արկանզաս, Ինդիանա, Միսուրի, Օկլահոմա եւ Թենեսի: Դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում մայիսից սեպտեմբեր ժամանակահատվածին, ընդ որում՝ տուժածները տիզի խայթոցի զոհն են դարձել բնության մեջ ժամանակ անցկացնելուց հետո:



© NEWS.am Medicine