ԱՄՆ-ում երեխաների եւ դեռահասների երրորդ մասից ավելին պասիվ ծխողներ են

20:52   17 օգոստոսի, 2019

Միացյալ Նահանգներում երեխաների եւ դեռահասների երրորդ մասից ավելին պասիվ ծխողներ են: Այսպիսի տվյալներ են ներկայացրել ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC):

Ուսումնասիրելով 2013 եւ 2016 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածը՝ փորձագետները պարզել են, որ 3-ից մինչեւ 17 տարեկան երեխաների 35,4 տոկոսը ծխախոտի եւ ծխամորճերի ազդեցության հետեւանքով ենթարկվել է պասիվ ծխելուն: Նշվում է, որ սա կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:

Հաղորդվում է, որ պասիվ ծխելուն ենթարկվող երեխաների շրջանում բարձր է շնչառական եւ ականջի ինֆեկցիաների զարգացման հավանականությունը, նրանք նաեւ տառապում են ասթմայի նոպաներից: «Ծխախոտի ծխի ազդեցությունը կարող է գրանցվել տանը, տրանսպորտում, ռեստորաններում, այգիներում կամ խաղային հրապարակներում»,- ասում են փորձագետները:

Ստացված տվյալների համաձայն՝ 3-ից մինչեւ 11 տարեկան տղաները եւ աղջիկները ավելի հաճախ են ենթարկվել պասիվ ծխելուն, քան 12-ից մինչեւ 17 տարեկան դեռահասները:



© NEWS.am Medicine