Վիրաբուժական միջամտությունը տարեց պացիենտներին սպառնում է թաքնված կաթվածով. հետազոտություն

23:45   17 օգոստոսի, 2019

Վիրաբուժական միջամտությունը տարեց պացիենտներին սպառնում է գաղտնի կաթվածով: Այսպիսի տվյալներ են ներկայացված The Lancet ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, որն անցկացրել է գիտնականների միջազգային խումբը՝ ՄակՄաստեր համալսարանի (Կանադա) մասնագետների ղեկավարությամբ:

Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկանից մեծ 1114 պացիենտ, որոնք բուժում են ստացել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Ասիայի, Նոր Զելանդիայի եւ Եվրոպայի 12 կլինիկական կենտրոններում: Բոլոր կամավորները նախկինում ենթարկվել են վիրաբուժական միջամտության, եւ վիրահատությունից հետո 9 օրվա ընթացքում թաքնված կաթվածի նշանների հայտնաբերման համար կատարվել է նրանց գլխուղեղի ՄՌՏ:

Արդյունքում՝ թաքնված կաթված է հայտնաբերվել 78 պացիենտի մոտ (կամ 7 տոկոսի): Ստացվում է, որ այս վիճակը գրանցվում է վիրահատություն տարած 14 տարեց մարդուց մեկի մոտ: Այսպիսով՝ ամեն տարի թաքնված կաթվածը (վիրահատության ժամանակ կամ հետո) տարածվում է շուրջ 3 մլն տարեց պացիենտի վրա:

Մեկ տարվա ընթացքում փորձին ներգրավված տարեց պացիենտների հետագա հետազոտությունները, որոնք թաքնված կաթված են տարել, պարզել են ճնշող ցուցանիշներ: Այսպես՝ նրանցից 42 տոկոսի մոտ հայտնաբերվել են կոգնիտիվ խնդիրներ, մինչդեռ այն փորձարկվողների շրջանում, որոնք կաթված չէին տարել, այս ցուցանիշը կազմել է 29 տոկոս: Դրանից բացի, թաքնված կաթվածը դարձել է հոգեկան խանգարումների, արտահայտված կաթվածի եւ ուղեղի արյան շրջանառության խանգարման զարգացման հավանականության մեծացման պատճառ:



© NEWS.am Medicine