Որքա՞ն են Հայաստանում անպտղության ցուցանիշները՝ պատմում է պրոֆեսորը

19:28   17 օգոստոսի, 2019

Հայաստանում անպտղության ցուցանիշները կազմում են մոտ 14-15%: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը:

Նրա խոսքով՝ տվյալ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, ինչին նպաստում է Հայաստանում բժշկական նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ օժանդակող ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների ներդրումը: Եվս մեկ գործոն է վաղ բուժօգնության դիմելը:

«Եթե չեմ սխալվում, 2014 թվականին ամուսնական զույգերի մոտ անպտղության ցուցանիշները կազմել են 16.5%»,- ասել է Օկոեւը:   

Տարածվածության առումով առաջին տեղում է կանացի շրջանում անպտղությունը (օրինակ, փոքր կոնքի օրգանների կպման կամ հորմոնալ խանգարումների հետեւանքով):

«Ելնելով մեր կլինիկա դիմումներից՝ տղամարդկանց շրջանում անպտղությունը կազմում է դեպքերի 30-35%-ը: Բացի այդ, դեպքերի մոտ 10-12%-ը անհայտ գենեզի անպտղությունն է»,- նշել է պրոֆեսորը:

Փորձագետն ուշադրություն է դարձրել նրան, որ սերմնահեղուկի ձեւավորման խախտման գործում որոշակի դեր են խաղում էկոլոգիական գործոններն ու վնասակար սովորությունները (այդ թվում ծխելը):

«Նախկինում ամուսնական զույգերի մոտ անպտղության դեպքում ընտանիքի անդամները մեղադրում էին կնոջը: Այժմ, երբ սկսել են ուշադրություն դարձնել տղամարդկանց անպտղությանը, հասկացել են, որ ոչ միշտ է կինը մեղավոր»,- նկատել է Օկոեւը:



© NEWS.am Medicine