14:58 11 դեկտեմբերի, 2013Մոլորակի շատ բնակիչների մոտ ձմռանը հաճախ կորում է սեռական ցանկությունը, ինչը, բնականաբար, շատ է տխրեցնում իրենց սիրելի էակներին, եւ որպեսզի սեռական ցանկությունը չկորի, պետք է ճիշտ սնվել եւ փոխել կենսակերպը: Այս մասին դեկտեմբերի 11-ին Երեւանում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:
«Եթե գարնանը մենք տեսնում ենք, թե ինչպես է բնությունն արթնանում եւ դրան զուգահեռ ինչպես է լավանում մարդկանց տրամադրությունը, ապա ձմռանը մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր»,- նշեց սեքսապաթոլոգը:
Ձմռան ընթացքում մարդու էմոցիոնալ վիճակի փոփոխությունը կապված է օրվա լուսավոր ժամերի կրճատման հետ, եւ ցուրտը փաստացի դեպրեսիա է առաջացնում, քանի որ հորմոնների կարգավորման մեխանիզմները փոփոխվում են: Մասնակիորեն նվազում է տեստոստերոնի արտադրությունը: Մարդկանց մոտ նվազում է սեռական հակումը զուգընկերոջ հանդեպ, շատերի սեռական ակտիվությունը կախված է լինում տրամադրությունից, որը ձմռանը շատերի մոտ անկումային է լինում:
«Օրինակ, հյուսիսային երկրներում դեպրեսիվ մարդիկ ավելի շատ են, քան հարավայիններում: Դեպրեսիան նաեւ անվանում են «շվեդական հիվանդություն»,- նշեց Հակոբյանը, ավելացնելով, որ կովկասցիների մոտ, ի տարբերություն մոլորակի այլ բնակիցչների, լիբիդոն, սեռական ցանկությունն եւ սեքսուալությունն ավելի բարձր են: Ցուրտ ժամանակ մարդիկ դառնում են ավելի պասիվ, քիչ են շարժվում, ինչն էլ ազդում է սեռական ակտիվության եւ ցանկության վրա, ինչպես նաեւ կարող են սեռական բնույթի խանգարումներ առաջացնել: Սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց ձմռան ընթացքում ավելի շատ մրգեր, բանջարեղենային աղցաններ, ծովամթերքներ եւ վիտամիններով հարուստ սնունդ ուտել՝ օրգանիզմը տոնուսի մեջ պահելու համար: Ավելի հաճախ ձմռան շրջանում կանանց մոտ է փոխվում էմոցիոնալ եւ հոգեկան վիճակը»:
Պատասխանելով NEWS.am Medicine-ի այն հարցին, որ վերջին հետազոտությունների համաձայն իտալացիներն ավելի հակված են դեպրեսիաների, չնայած, որ Իտալիան հարավային երկիր է եւ սննդում վիտամինները բավարար են , Սեւադա Հակոբյանը նշեց, որ իտալացիների դեպքում դեպրեսիան կապված է անհավասարակշռության եւ էմոցիաների ավելցուկի հետ:
Ինչ վերաբերում է հայկական դպրոցներում սեռական կրթության դասավանդմանը, հաշվի առնելով հայկական մենթալիտետը, մասնագետի կարծիքով, սեռական կրթության դասերի ժամանակ խոսք անգամ չպետք է գնա այն մասին, որ պետք է սեքսով զբաղվել: «Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկվի անատոմիայի տեսանկյունից, պետք է քննարկվեն ֆիզիոլոգիական պրոցեսները: Օրինակ՝ դպրոցականներին կարելի է խոսել սեռական հիգիենայի եւ սեռական հարաբերությունների մասին այնպես, ինչպես բացատրում են բերանի խոռոչի հիգիենան: Այլապես շատ դպրոցականներ կարող են շատ վաղ սկսել սեռական կյանքով ապրել, ինչը կարող է շատ վտանգավոր լինի դպրոցական երեխայի համար: Իհարկե շատ ծնողներ դեմ են դպրոցներում նման դասերի անցկացմանը»,- ասաց նա: