Ինչո՞ւ են բժիշկները խորհուրդ տալիս ոչ մի դեպքում դիետիկ գազավորված ըմպելիք չխմել

09:38   20 օգոստոսի, 2019

Մարդկանցից շատերը կարծում են, որ եթե անգամ դիետիկ գազավորված ըմպելիքն օգտակար չէ, ապա գոնե պակաս վնասակար է, քան սովորականը: Իրականում ամենեւին այդպես չէ. նոր հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ գազավորված ըմպելիքը չնայած պակաս կալորիական է, բայց, միեւնույն է, կարող է առողջությանն անուղղելի վնաս հասցնել արհեստական քաղցրացուցիչների եւ դրա մեջ պարունակվող այլ նյութերի պատճառով:

Northern Star-ը նշում է, որ օրական դիետիկ գազավորված ըմպելիքի 2 բանկան մեկ քառորդով մեծացնում է կաթվածի հավանականությունը, մեկ երրորդով՝ սրտի նոպայի զարգացման հավանականությունը: Այն մարդու համեմատությամբ, որը երբեք չի համտեսել դիետիկ գազավորված ըմպելիք, դրա սիրահարների շրջանում վաղ մահվան հավանականությունը 16 տոկոսով մեծ է:

Այս ըմպելիքը վտանգավոր է նաեւ ուղեղի համար եւ կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման հավանականությունը: Ամենօրյա գործածման դեպքում արհեստական քաղցրացուցիչով գազավորված ըմպելիքի մեկ բանկան բավական է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը 2,9 անգամ մեծացնելու համար: Բանն այն է, որ դիետիկ գազավորված ըմպելիքի հանդեպ սերը վնաս է հասցնում արյունատար անոթներին եւ առաջացնում քրոնիկական բորբոքում:

Ի դեպ, արհեստական քաղցրացուցիչները ախորժակը բացում են՝ դրանով մեծացնելով ճարպակալման զարգացման հավանականությունը: Դա, մասնավորապես, տեղի է ունենում նյութափոխանակության խանգարման եւ քաղցր համի հավասարակշռության խախտման ու կալորիականության նվազման պատճառով (ուղեղը սկսում է դա փոխհատուցել՝ ստիպելով ավելի շատ ուտել կալորիականության մեծացման համար):

Նշենք, որ ոչ դիետիկ գազավորված ըմպելիքը նույնպես վտանգավոր է. հետազոտության համաձայն՝ դրա պատճառով կարելի է բավականին ավելորդ քաշ հավաքել, ավելին՝ այն նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Իսկ գազավորված եւ էներգետիկ ըմպելիքների ավելցուկը կարող է մահվան հասցնել. վերջերս Ինդոնեզիայի Ջակարտա նահանգից 2 շինարարներ մահացել էին այդպիսի ըմպելիքիների գերդոզավորումից:



© NEWS.am Medicine