Բացահայտվել է ծնողական երջանկության գաղտնիքը

09:38   21 օգոստոսի, 2019

Մեծացած երեխաներն իսկապես ծնողներին ավելի երջանիկ են դարձնում, եթե նրանցից առանձին են ապրում: Այսպիսի եզրակացություն են կատարել Հեյդելբերգի համալսարանի (Գերմանիա) մասնագետները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Plos One ամսագրում:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են Եվրոպական սոցիոլոգիական հարցման՝ European Social Survey, տվյալները, որոնք առնչվում էին 50 տարեկան եւ մեծ 55 հազար մարդկանց զգացմունքային վիճակին: Պարզվել է, որ այս տարիքային խմբի ծնողները երեխաներ չունեցող իրենց տարեկիցների համեմատությամբ կյանքից ավելի գոհ են եղել եւ հազվադեպ են տառապել դեպրեսիայով:

Միաժամանակ, նման դրական զգացումները ձեռք են բերվել մեկ պայմանով. նրանց մեծահասակ երեխաներն ինքնուրույն էին եւ առանձին էին ապրում: Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ երեխաների տեղափոխվելը ծնողներին ազատում է նրանց հոգ տանելու հետ կապված սթրեսից:

Ինչ էլ որ լինի, երեխաներն իսկապես բազմազանություն են մտցնում տարեց ծնողների սոցիալական կյանքի մեջ, ինչպես նաեւ նրանց աջակցություն ու ֆինանսական օգնություն են ցույց տալիս:

Ուշագրավ է, որ երջանկության եւ ծնողների առանձին ապրելու ու մեծացած երեխաների միջեւ կապի մասին նախկինում նշվել է նաեւ Յուտայի համալսարանից Նիկոլաս Վոլֆինգերի հետազոտության մեջ:



© NEWS.am Medicine