Աղջկա ստամոքսից հեռացրել են գրեթե 1,5 կգ մազ

18:36   20 օգոստոսի, 2019

Հնդկաստանի 14 տարեկան բնակչի ստամոքսից հեռացրել են 1,4 կգ քաշով մազափունջ: The Daily Mail-ը հայտնում է, որ աղջիկը տառապել է Ռապունցելի համախտանիշով՝ մազերն ուտելու սեւեռվածություն, որը հաճախ ուղեկցվում է գլխից դրանք պոկելով:

Փուջի անունով պացիենտը հոսպիտալացվել է փորի ծակող ցավի եւ փսխոցների գանգատներով: Նա այնքան թույլ էր, որ անգամ չէր կարողանում ինքնուրույն քայլել: Տկարության պատճառը պարզելու համար ստիպված էին անցկացնել մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ ՀՏ: Արդյունքում՝ Փուջիին վիրահատել են, որի ժամանակ վիրաբույժները ստամոքսից հեռացրել են 1,4 կգ քաշով մազափունջ:

Աղջկա բուժման լիարժեք արդյունքի հասնելու համար բժիշկները ստիպված էին նրա գլուխը սափրել: Նշվում է, որ Ռապունցելի համախտանիշը կարող է ունենալ առողջության համար անչափ բացասական հետեւանքներ՝ դառնալով աղիների, պանկրեատիտի եւ կույր աղիքի պատռվածքի պատճառ:



© NEWS.am Medicine