Օմեգա-3 ճարպաթթուներն իսկապես օգնում են խոլեստերինի մակարդակի նվազեցմանը. հետազոտություն

22:30   21 օգոստոսի, 2019

Օմեգա-3 ճարպաթթուներն իրականում 20-30 տոկոսով նվազեցնում են տրիգլիցերիդների մակարդակը: Այս մասին նշված է American Heart Association-ի նոր փաստաթղթերում:

Ասոցիացիայի մասնագետները 17 հետազոտությունների վերլուծություն են կատարել եւ պարզել, որ խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղերի հետ միասին բուժական միջոցների բաղադրության մեջ օրական 4 գրամ օմեգա-3-ի ընդունման դեպքում կարելի է հասնել զգալի դրական փոփոխությունների:

Medical Express-ը նշում է, որ ասոցիացիայի Circulation ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները ստուգել են ճարպաթթուների հետ 2 տեսակի դեղամիջոցների արդյունքը: Առաջինը օրգանիզմ էր հասցնում EPA (էյկոզապենտաթթու) եւ DHA (դոկոզագեկսաթթու): Երկրորդը՝ միայն EPA:

Երկու միջոցն էլ լավ են գործել: Պարզվել է, որ արդյունավետ չափաքանակն է օմեգա-3-ի ընդամենը 4 գրամը:

Եթե տրիգլիցերիդների բարձր մակարդակով մարդիկ ընդունում են միայն EPA պարունակող միջոցը՝ ստատինների հետ միասին, սիրտ-անոթային շեղումների հետ կապված սրտի նոպաների, կաթվածների կամ մահվան դեպքերի քանակությունը 25 տոկոսով նվազում է:

Սակայն փորձագետները շեշտում են, որ այս եզրահանգումները չեն վերաբերում ձկան յուղ պարունակող սովորական ԲԱՀ-երին:

Հիշեցնենք, որ եթե տրիգլիցերիդների մակարդակը արյան դեցիլիտրում 200 միլիգրամից բարձր է, դա կարող է աթերոսկլերոզ առաջացնել: Իսկ 500 միլիգրամ նիշը գերազանցելու դեպքում պացիենտի մոտ կարող են զարգանալ պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում եւ այլ խնդիրներ:



© NEWS.am Medicine