Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, արգանդի վզիկի քաղցկեղը լուրջ խնդիր է. ԱՀԿ ներկայացուցիչ

10:56   22 օգոստոսի, 2019

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կապակցությամբ ԱՀԿ դիրքորոշումը միանշանակ է. դա արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ միջոց է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Հայաստանի ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:

«ՄՊՎ-ի դեմ պատվաստման կողմնակի էֆեկտների կապակցությամբ խոսակցությունները իրավազոր չեն: Հայտնի կողմնակի էֆեկտը պատվաստման ժամանակ անաֆիլակտիկ շոկն է: Բայց, առաջին, դա հազվադեպ է լինում, երկրորդ՝ պատվաստումն իրականացնող բուժհաստատություններում պետք է իմանան, թե այդ դեպքում ինչ է անհրաժեշտ ձեռնարկել»,- նշեց նա:

Զայցեւը որպես ՄՊՎ-ի դեմ բնակչության պատվաստման հաջող փորձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի իրականացման օրինակ բերեց Ավստրալիան: Ընդ որում՝ փորձագետը չբացառեց այն հնարավորությունը, որ նշված քայլերը մոտ ապագայում կօգնեն այս երկրում ամբողջությամբ լուծել արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրը:

«Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, արգանդի վզիկի քաղցկեղը լուրջ խնդիր է: Միաժամանակ, ավելի հեշտ է կանխելը, քան բուժելը: Ընդհանուր առմամբ, պատվաստումը գործում է, ընդ որում՝ ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում, այլ նաեւ այլ օնկոլոգիական հիվանդությունների, որոնք կապված են ՄՊՎ-ի հետ»,- նշեց Զայցեւը:

Սրա հետ կապված նա նշեց պատվաստման հանդեպ բնակչության վստահության մակարդակի մեծացման կարեւորությունը, այդ թվում՝ դրա արդյունավետության մասին քաղաքացիների տեղեկացվածության մեծացման միջոցով:

Ըստ փորձագիտական տվյալների՝ 36 ժամը մեկ Հայաստանի մեկ բնակիչ հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով: 2017 թվականին հանրապետությունում գրանցվել էր արգանդի վզիկի քաղցկեղի 262 նոր դեպ (56 տոկոսը III-IV փուլում), իսկ 2018-ին՝ 228 (58 տոկոսը III-IV փուլում): Այս հիվանդությամբ առավել մեծ թվով հիվանդները բաժին են ընկնում 44-59 տարեկան կանանց:

2017 թվականի դեկտեմբերից եւ 2019-ի հուլիսի վերջին Հայաստանում օգտագործվել է «Գարդասիլի» 14 հազար դեղաչափ:



© NEWS.am Medicine