Օրգանիզմում երկաթի պակասի 7 ախտանշան

09:47   23 օգոստոսի, 2019

Օրգանիզմում երկաթի պակասը կարող է արտահայտվել տարբեր կերպ: Ներկայացնում ենք մի քանի ախտանշաններ, որոնց արժե ուշադրություն դարձնել.

Հոգնածություն

Երկաթի պակասի եւ զարգացող անեմիայի դեպքում մարդը կարող է ուժեղ հոգնածություն զգալ նույնիսկ հասարակ գործողություններ անելիս: Եթե վերջին շրջանում առանց լուրջ պատճառի հաճախ եք հոգնածություն զգում, բացառված չէ, որ ձեզ մոտ կարող է առկա լինել երկաթի դեֆիցիտ:

Մկանային ցավեր

Երկաթի դեֆիցիտի ժամանակ օրգանիզմում դիտվում է նաեւ մկանային սպիտակուցի պակաս՝ երկաթ պարունակող միոգլոբինի: Արդյունքում նվազում է մկանային տոնուսը, եւ մարդը սկսում է մկաններում ցավեր զգալ եւ թուլություն անգամ փոքր ծանրաբեռնվածության դեպքում:

Սֆինկտերի թուլացում

Երկաթի պակասի պատճառով հաճախ նաեւ մկանային սֆինկտերների թուլացում է զարգանում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ այնպիսի երեւույթներ, ինպես գիշերային էնուրեզ կամ մեզի կամ կղանքի ակամա արձակում (օրինակ՝ ծիծաղելիս, հազալիս, ծանրություն բարձրացնելիս):

Հեւոց

Երկաթի դեֆիցիտի եւս մեկ հաճախադեպ ախտանշան է հեւոցը, որն առաջանում է թթվածնի պակասի պատճառով:

Գունատություն

Երկաթի դեֆիցիտի հետ կապված անեմիայի դեպքում մարդիկ սովորաբար գունատվում են, եւ նրանց աչքերի տակ կապտուկներ են հայտնվում: Դրանից բացի, նրանց վերջույթները սառն են լինում:

Սրտի զարկերի հաճախացում

Երկաթի պակասի հետ կապված անեմիայի դեպքում սրտի զարկերի հաճախացումը՝ տախիկարդիան, առաջանում է այն պատճառով, որ սիրտն ավելի շատ է լարվում՝ փորձելով հյուսվածքներին թթվածին հասցնող էրիթրոցիտներ ավելի շատ մղել:

Գլխապտույտ

Երկաթի պակասի դեպքում օրգանիզմը հաճախ սկսում է հիպոքսիա (թթվածնային քաղց) զգալ, որը կարող է արտահայտվել տարբեր ախտանշաններով, այդ թվում՝ գլխապտույտով:



© NEWS.am Medicine