Հանուն սեփական հարսանիքի աղջիկն ուղեղի վիրահատությունից հետո արագ ոտքի է կանգնել

17:43   23 օգոստոսի, 2019

24-ամյա Քրիստինա Անդերսոնը գլխուղեղի վիրահատությունից հետո կարճ  ժամանակում վերականգնվել է: Գլխավոր շարժառիթը եղել է առաջիկա հարսանիքը. աղջիկն ամեն գնով ցանկացել է ինքնուրույն հասնել եկեղեցի:

 New York Post-ը գրում է, որ հարսանեկան արարողությունից երեք ամիս առաջ Քրիստինան անսպասելի ուժեղ գլխապտույտ եւ սրտխառնոց է զգացել: Բացի այդ խախտվել է նրա կոորդինացիան:

ՀՏ միջոցով բժիշկները գլխուղեղում հայտնաբերել են հեմանգիոբլաստոմա՝ 5 սմ տրամագծով բարորակ ուռուցք:

Աղջկան անհապաղ վիրահատություն է պահանջվել, քանի որ դիրքի պատճառով, ուռուցքը ճնշել է ուղեղի կուլ տալու, շնչառության եւ հավասարակշռության գործառույթների հետ կապված հատվածները:

Քրիստինան խոստովանում է, որ նրան շատ է անհանգստացրել վիրահատության պատճառով մազերից զրկվելու հեռանկարը, սակայն վիրաբույժները, իմանալով նրա առաջիկա ամուսնության մասին, գլխի միայն մի փոքր մաս են սափրել:

Վիրահատությունը տեւել է 8 ժամ եւ դրանից  հետո Քրիստինային վերականգնման երկար ժամանակահատված է պահանջվել: Աղջիկը ստիպված է եղել նորից քայլել սովորել, սակայն նա վճռական է եղել տրամադրված, քանի որ երազել է ինքնուրույն հասնել եկեղեցի: Ի զարմանս բժիշկների՝ նրա վճռականությունը եւ կամքի ուժը որոշիչ դեր են խաղացել նրա ապաքինման գործում:

Ամուսնության  օրը Քրիստինան կարողացել է իրականացնել երազանքը եւ ոչ մի անգամ չի օգտվել հենակներից: Որպեսզի քայլելը հեշտ լինի, նա հագել   է կրոքսներ, որոնք հարսանիքի կապակցությամբ զարդարված են եղել արհեստական քարերով:

Ամբողջ կյանքի ընթացքում Քրիստինան պետք է անընդհատ գլխուղեղի ՄՌՏ անի, քանի որ բժիշկները պետք է հետեւեն նրա առողջական վիճակին: Չնայած դրան՝ նա չի վհատվում  եւ ձգտում է ուրախանալ ապրած ամեն մի օրով:



© NEWS.am Medicine