Տարեց տարիքում ինչպես պահպանել կոգնիտիվ ֆունկցիաները. 5 խորհուրդ

22:16   24 օգոստոսի, 2019

Տարիքին զուգահեռ մարդիկ սկսում են նկատել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացում. նրանք ավելի դժվար են մտապահում տեղեկությունները, լուծում խնդիրները կամ նույնիսկ ինչ-որ բանի մասին մտածում: Ի՞նչ կարելի է անել տարեց տարիքում կոգնիտիվ ֆունկցիաները պահպանելու համար: Այս մասին մի քանի խորհուրդ է ներկայացրել ամերիկացի հոգեբույժ Հարի Սմոլը:

Վերահսկեք դեղերի ընդունումը

Տեղեկություններ կան այն մասին, որ պացիենտների կեսը, ում Ալցհեյմերի հիվանդություն էր ախտորոշվել, իրականում այս հիվանդությամբ հիվանդ չէր. դա հաստատվել է դիահերձմամբ: Իսկ Ալցհեյմերի հիվանդությանը նման ախտանշանները նրանց մոտ ավելի շուտ առաջացել էին որոշ դեղերի ընդունմամբ, որոնք բացասաբար են ազդում կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Տարեցներից շատերը ստատիններ են ընդունում, հանգստաբերներ, ցավազրկողներ, բետա բլոկատորներ եւ անքնության դեմ դեղեր:

Զգուշացեք վնասվածքներ ստանալուց

Կարեւոր է նաեւ գլուխը վնասվածքներից պաշտպանելը: Գլխին ուժեղ հարվածից հետո անհրաժեշտ է որոշ ժամանակ անշարժ պառկել եւ հանգստանալ, եւ իհարկե՝ պարտադիր բժշկի դիմել:

Մի՛ գիրացեք

Ավելորդ քաշը եւ մետաբոլիկ համախտանիշը մեր ուղեղի ամենավատ թշնամիներն են: Իրանի շրջանում ճարպի ավելցուկը, բարձր ճնշումը եւ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ինչպես նաեւ օրգանիզմի հագեցվածությունը «վատ» խոլեստերինով՝ այս ամենը կապված են կոգնիտիվ ֆունկցիաների խանգարումների հետ: Այս պատճառով անչափ կարեւոր է ճիշտ սնվելը եւ առողջ քաշ պահպանելը:

Լիարժեք քնեք

Անչափ կարեւոր է նաեւ լիարժեք քնելը: Քնի խանգարումներն առաջացնում են կոգնիտիվ ֆունկցիաների զգալի խանգարումներ՝ նույնիսկ երիտասարդ տարիքում:

Ավելի ակտիվ եղեք

Ֆիզիկական վարժություններն ապահովում են ուղեղ թթվածնի մատակարարումը, ինչը նրա բջիջները սնուցում եւ թարմացնում է:



© NEWS.am Medicine