Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. մանկաբույժի եւ հոգեբանի 4 խորհուրդ

19:12   26 օգոստոսի, 2019

Մինչեւ սեպտեմբերի 1-ը մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնում եւ շատ ծնողներ այժմ մտածում են, թե ինչպես առանց ավելորդ սթրեսի երեխային նախապատրաստել դպրոցին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար.

Կարգավորել քնի ռեժիմը

Մանկաբույժ Մարի Դարակչյանը առաջին հերթին խորհուրդ է տալիս կարգավորել երեխայի քնի ռեժիմը. մի քանի օրվա ընթացքում հարկավոր է նրան սովորեցնել վաղ պառկել քնելու եւ շուտ վեր կենալ: Կատարյալ տարբերակում, ըստ մասնագետի, ցածր դասարանների աշակերտը պետք է 22:00-ից ուշ չպառկի (ատամները լվանալու եւ լվացվելու պրոցեդուրաները պետք է ավարտվեն մինչ այդ) եւ առնվազն 9 ժամ քնի:

Կարգավորել սնունդը

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս կարգավորել սնվելու ռեժիմը եւ երեխային սովորեցնել առավոտյան նախաճաշել, քանի որ նախաճաշն ասնհրաժեշտ է օրվա ընթացքում նորմալ նյութափոխանակության համար: Բացի այդ, եթե երեխան նախաճաշել է, նրան հեշտ կլինի կենտրոնանալ դասերի ժամանակ եւ դրանք ավելի արդյունավետ կլինեն:

Փոքրիկ առաջադրանքներ տալ

Հոգեբան Աշխեն Մկոյանն իր հերթին խորհուրդ է տալիս մինչեւ դպրոցի սկսվելը  երեխային փոքրիկ առաջադրանքներ տալ, որոնք նա պետք է որոշակի ժամկետում կատարի: Օրինակ՝ նկարել ինչ-որ բան կամ բանաստեղծություն անգիր անել:

Նման առաջադրանքները երեխային կարգապահ եւ ավելի պատասխանատու կդարձնեն: Իհարկե, ծնողները երեխաներին պետք է բացատերն, թե ինչու է ուսումը կարեւոր եւ ինչու է պետք բոլոր առաջդրանքներին պատասխանատվությամբ վերաբերվել:

Դպրոցի նկատմամբ դրական վերաբերմունք ձեւավորել

Հոգեբանի խոսքով, եթե ծնողները սեպտեմբերի 1-ին պատրաստվելով նյարդայնանում են, լարված են, երեխան կընդօրինակի նրանց զգացումները, մտածելով, որ դպրոցը ինչ-որ վատ եւ սարսափելի բան  է: Դրա համար ծնողներն առաջին հերթին պետք է դրական տրամադրվեն եւ երեխային դպրոցի նկատմամբ դրական վերաբերմունք ներշնչեն: Այդ դեպքում նրան ավելի հեշտ կլինի լավ ուսումնական տարվա տրամադրվածություն ունենալ:



© NEWS.am Medicine