Հեռուստացույցը մարդասպա՞ն է

13:10   27 հունիսի, 2014

Հեռուստացույցի սիրահարներ, ուշադրություն: Այս նյութը ձեզ համար է:

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն անսպասելի եզրակացության են հանգեցրել. պարզվում է` հեռուստացույց դիտելով մարդիկ նշանակալիորեն նվազեցնում են իրենց կյանքի տեւողությունը, հաղորդում է NewsMax Health-ը: 

Արտաքինից առողջ թվացող 13 հազար իսպանացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքներն անմխիթար են. օրական հեռուստացույցի առաջ 3 ժամից ավել անցկացնող մարդիկ, մեկ ժամից պակաս դիտողների համեմատությամբ, վաղաժամ մահանալու կրկնակի ռիսկի են ենթարկվում:

Հարկ է նշել, որ հետազոտության մասնակիցները միջինը 37 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, բարետես ու բարեկազմ մարդիկ են եղել: Նրանք, ովքեր շաքարախտ, սրտային հիվանդություն կամ քաղցկեղ ունենալու մասին տեղեկություն են հաղորդել, անմիջապես հանվել են վիճակագրական տվյալներից:

Ուսումնասիրությունը ութ տարի է տեւել, որի ընթացքում մասնակիցներից 97-ը մահացել են: Այդ թվում 19-ը` սրտային հիվանդությունից, 46-ը` քաղցկեղից եւ 32-ը` այլ պատճառներով, ներառյալ լյարդի եւ երիկամի հիվանդություններն ու դժբախտ պատահարները:

Հետազոտության հեղինակները ութ տարի անց մահացության վերաբերյալ տվյալները համեմատել են մասնակիցների նստակյաց գործողությունների, մասնավորապես` հեռուստացույց դիտելու, ավտոմեքենա վարելու կամ համակարգչով զբաղվելու մասին տրամադրված տեղեկությունների հետ:

Վաղ մահացության եւ ավտոմեքենա վարելու կամ համակարգչով զբաղվելու միջեւ ոչ մի էական կապ չի հայտնաբերվել:

Սակայն հեռուստացույց դիտելու հետ կապված ռիսկերն ուղղակի շշմեցուցիչ արդյունքներ են գրանցել: Օրական հեռուստացույցի առաջ անցկացրած յուրաքանչյուր հավելյալ երկու ժամը, մեկ ժամից պակաս դիտողների համեմատությամբ, սրտային հիվանդությունից` 44 տոկոս, քաղցկեղից` 21 տոկոս եւ այլ պատճառներով մահանալու` 55 տոկոս ռիսկային աճ է ապահովում:

Հետազոտության հեղինակները կասկածամտորեն եւ վերաբերվել ստացված արդյունքներին` մտածելով, թե միգուցե մահացած մարդկանց մեծ մասն արդեն իսկ հիվանդ է եղել եւ այլ գործունեություն ծավալելու անընդունակության պատճառով է հեռուստացույցին գամվել: Ուստի մեկ անգամ եւս ֆիլտրել են վիճակագրական տվյալները` բացառելով առաջին երեք տարիներին գրանցված 35 մահվան դեպքերը: Բայց արդյունքում վերը նկարագրված փոխկապակցվածությունն ավելի ամուր է դարձել: 

Հենվելով այն պնդման վրա, թե մարդիկ հեռուստացույց դիտելիս մեծ ի մասամբ վերամշակված սնունդ եւ շաքարի բարձր պարունակությամբ խմիչքներ են օգտագործում, հետազոտության հեղինակները երրորդ, բայց կրկին անօգուտ ֆիլտրումն են նախաձեռնել:

Սակայն մասնակիցների թվի կրճատումն այսքանով չի ավարտվել: Ցուցակից հանվել են այն բոլոր մարդկանց անունները, որոնք կարող էին մահացության համար այլ բացատրություն ունենալ` ծխախոտի օգտագործում, տարիք, սեռ, կշիռ, սննդակարգ: Իսկ արդյունքները շարունակել են նույնը մնալ:

Այնպես որ լավ հիշեք` հեռուստացույցի առաջ նստելով` նախ եւ առաջ ձեր առողջությանն եք վնաս պատճառում: Որովհետեւ համակարգչով զբաղվելիս կամ մեքենա վարելիս գոնե մի փոքր շարժվում եք: Մկաններն եք լարում: Եւ այնքան հանգիստ չեք տալիս ձեր օրգանիզմին, որքան հեռուստացույց դիտելիս:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ հետազոտությանը չմասնակցած փորձագետներից շատերը խորհուրդ են տալիս զգուշամտություն ցուցաբերել ստացված արդյունքները մեկնաբանելու հարցում:



© NEWS.am Medicine