20 տարի տեւողությամբ չափավոր ակտիվությունը մահվան հավանականությունը նվազեցնում է

19:34   3 սեպտեմբերի, 2019

Եվրոպական սրտաբանական միությունը 22 տարի շարունակ պարզում էր, թե ֆիզիկական ակտիվությունն ինչպես է ազդում տարբեր պատճառներով եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության վրա: Մարդկանցից շատերի սովորությունները ժամանակի ընթացքում փոխվում են, այս պատճառով կարեւոր է հետազոտել, թե նման փոփոխություններն ինչպես են ազդում մահվան հավանականության վրա, հայտնում է HighTech+-ը՝ վկայակոչելով Science Daily-ին:

Նորվեգիայի 20 տարեկանն անց բոլոր բնակիչներին 3 անգամ հրավիրել են մասնակցելու հարցման՝ 1980-ական, 90-ական եւ 2000-ական թվականներին: Վերլուծության մեջ ներառվել են 23 146 տղամարդկանց եւ կանանց պատասխանները ազատ ժամանակ ֆիզիկական ակտիվության տեւողության եւ հաճախության վերաբերյալ հարցերին: Ֆիզիկական ակտիվությունը բաժանվել էր մի քանի կարգի՝ ցածր, չափավոր (շաբաթական 2 ժամից պակաս) եւ բարձր (շաբաթական 2 եւ ավելի ժամ):

Այնուհետեւ տարբեր կարգերի տվյալները համեմատել են մահվան մասին տեղեկությունների հետ: Վերլուծության ժամանակ հաշվի են առնվել այնպիսի գործոնները, ինչպես՝ մարմնի զանգվածի ինդեքսը, սեռը, տարիքը, ծխելը, կրթական մակարդակը եւ արյան ճնշումը:

Ստուգիչ խմբի համեմատությամբ՝ 20 տարի շարունակ նույն ոչ ակտիվ կարգի մարդիկ 2 անգամ ավելի շատ են ենթակա տարբեր պատճառներով մահվան բարձր հավանականությանը եւ 2,7 անգամ ավելի սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով:

20 տարի տեւողությամբ չափավոր ակտիվությունը մի փոքր նվազեցնում է մահվան հավանականությունը, բայց այս մարդկանց շրջանում տարբեր պատճառներով եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահանալու հավանականությունը, միեւնույն է, բարձր է 60 եւ 90 տոկոսով:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ֆիզիկական մարզումների ծավալի վերաբերյալ հստակ հանձնարարականներ կան, որոնք մեծահասակներին անհրաժեշտ են առողջական վիճակի բարելավման համար՝ չափավոր ինտենսիվության դեպքում շաբաթական 150 րոպե կամ 75 րոպե ինտենսիվ անաերոբ ծանրաբեռնվածության դեպքում:

«Կարեւոր է հիշել, որ անգամ նվազագույն ծանրաբեռնվածությունը առողջության վրա բարերար ազդեցություն է գործում,- ընդգծում են նրանք: - Ֆիզիկական լավ վիճակը ավելի կարեւոր է, քան մարզումների ծավալը: Զբաղվեք նրանով, ինչը ձեզ դուր է գալիս, եւ առօրյա կյանքում ավելի շատ շարժվեք՝ ոտքով քայլեք, աստիճաններով բարձրացեք, շաբաթական գոնե 2 անգամ ձեզ հասցրեք մինչեւ հաճախացող շնչառության վիճակի»:



© NEWS.am Medicine