Գերմանիայում ընտանիքը լիստերիոզով է վարակվել Իսպանիայից բերված ռուլետի պատճառով

09:34   4 սեպտեմբերի, 2019

Գերմանիայի 6 բնակիչներ լիստերիոզով էին վարակվել մսի նրբախորտիկ գործածելուց հետո, որով նրանց հյուրասիրել էր իսպանական Սեւիլիայից զբոսաշրջիկը, հայտնում է EFE գործակալությունը:

Անդալուզիայում լիստերիոզի բռնկման պատճառով երկրում համազգային սանիտարական տագնապ էր հայտարարվել օգոստոսի 20-ին: Իսպանիայի տարածքում հաստատվել է վարակման ընդհանուր 200 դեպքից ավելի: Պարզվել է, որ վարակի տարածման աղբյուրը Magrudis սեւիլյան ընկերության արտադրության La Mecha մակնիշի մսի ռուլետն է:

Սեւիլիայի բնակիչ Սիմեոն Գալյեգոն գործակալությանը հայտնել է, որ գնել է տեղական մսի ռուլետը եւ օգոստոսի 21-ին որպես գաստրոնոմիական հուշանվեր բերել Լար քաղաք (Բադեն-Վյուրտեմբերգ հող), որտեղ ապրում է ընկերուհին՝ Կարոլինան ընտանիքի հետ:

Ռուլետով ընտանեկան ընթրիքից մի քանի օր հետո դրա մասնակիցների մոտ հայտնվել են լիստերիոզի ախտանշաններ: Հիվանդությունը թեթեւ ձեւով է ընթացել, եւ հիվանդները շուտով առողջացել են, չնայած Կարոլինան ստիպված էր մնացյալից մի քանի օր ավելի երկար բուժվել:

Երիտասարդի պատմածից հետեւում է, որ նա ռուլետը ձեռք էր բերել նախքան այն, երբ օգոստոսի 14-ին Իսպանիայում մակնիշը վաճառքից հանվել էր:

Օգոստոսի վերջին հաղորդվել էր, որ Իսպանիայում լիստերիոզի բռնկման պատճառով տուժած առաջին արտասահմանցին էր դարձել բրիտանացի զբոսաշրջիկը:



© NEWS.am Medicine