Գերմանիան 2023թ. կարգելի գլիֆոսատի օգտագործումը. մտավախություն կա, որ այն քաղցկեղ է առաջացնում

20:25   4 սեպտեմբերի, 2019

Գերմանիան 2023թ. կարգելի ԱՄՆ-ում միլիարդավոր դոլարների չափով դատական հայցերի առարկա դարձած գլիֆոսատի օգտագործումը՝ կապված այն պնդումների հետ, թե գլիֆոսատը քաղցկեղ է առաջացնում, հաղորդում է Reuters-ը:

Իսկ մինչ արգելքը գլիֆոսատի օգտագործումը կսահմանափակվի:

Գերմանիան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսին օրենք ընդունեց, որն արգելում է գլիֆոսատի օգտագործման բոլոր տեսակները, եւ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մոտ 20 քաղաքապետեր օգոստոսին արգելեցին քաղաքապետարաններում դրա կիրառումը՝ մարտահրավեր նետելով կառավարությանը:

«Բայեր» ընկերությունը չի համաձայնել Գերմանիայի որոշման հետ՝ հայտարարելով.

«Նման արգելքը անտեսում է ողջ աշխարհում կոմպետենտ մարմինների գիտական գնահատականները, որոնք ավելի քան 40 տարվա ընթացքում սահմանել են գլիֆոսատի անվտանգ կիրառումը»:

Գլիֆոսատի հիմքով հերբիցիդները մոլախոտերի դեմ պայքարի համար աշխարհում ամենատարածված միջոցներն են:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ 2020 թվականից պարբերաբար կկրճատի գլիֆոսատ պարունակող հերբիցիդների կիրառումը:

Գլիֆոսատը մշակվել է Monsanto ընկերության կողմից Roundup բրենդի ներքո: Ներկայումս այն պատենտավորված է եւ վաճառվում է ողջ աշխարհում քիմիական տասնյակ այլ խմբերի հետ, ներառյալ՝ Dow Agrosciences եւ գերմանական BASF:

Անվտանգության համար մտավախությունն առաջացել է, երբ 2015 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եզրակացության եկավ, որ այն, հավանաբար, քաղցկեղ է առաջացնում:

«Բայեր»-ը, որն անցած տարի ձեռք է բերել Monsanto-ն, ասում է, որ հետազոտությունները եւ կարգավորիչները գլիֆոսատն ու Roundup-ը մարդու համար անվտանգ են համարում: Ընկերությունը բախվում է դատական հայցերի հետ, որոնցում պնդվում է, որ արտադրանքը ոչ հոջկինյան լիմֆոմա է առաջացնում:  



© NEWS.am Medicine