Գիտնականները պարզել են՝ ինչպես են տարածվում դեղակայուն մանրէները

22:29   7 սեպտեմբերի, 2019

Մարդկանց առողջության համար մեծ վտանգ ներկայացնող դեղակայուն մանրէները կարող են տարածվել ոչ միայն պացիենտների կողմից հակաբիոտիկների չափից դուրս շատ օգտագործման պատճառով: Ինչպես պարզել են շվեյցարացի եւ շվեդացի մասնագետները, ռեզիստենտությունը կարող է ձեռք բերվել մանրէների միջեւ կայունության գենի փոխանցման միջոցով: Այս մասին ասվում է Ցյուրիխի դաշնային տեխնիկական համալսարանի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գիտական աշխատանքի ղեկավարներից մեկի՝ Բազելի համալսարանի պրոֆեսոր Մեդերիչ Դիարդի խոսքով՝ շատ կարեւոր է հակաբիոտիկների կիրառման սահմանափակումը, սակայն միայն այդ միջոցը բավարար չէ մանրէների կայունությունը կանխելու համար: Նա նշել է, որ ռեզիստենտ մանրէների տարածումն անհրաժեշտ է կանխել հիգիենայի կամ պատվաստումների արդյունավետ միջոցներով:

Մանրէների ռեզիստենտություն տարածման մեխանիզմում կարեւոր դեր են խաղում դրանց առանձնապես կայուն ներկայացուցիչները, հայտնի որպես պերսիստերներ (անգլ.՝ persister): Դրանց դեմ հակաբիոտիկների կիրառման դեպքում դրանք կարող են ժամանակավորապես ընկել քնի վիճակի մեջ: Մասնավորապես, օրգանիզմում հայտնված սալմոնելայի կայուն մանրէները կարող են այդ վիճակում գտնվել ամիսներ շարունակ, նախքան «արթնանալը»: Դրանից հետո հակաբիոտիկներով հաղթահարված վարակը կարող է կրկին բռնկվել: Սալմոնելայի մոտ պերսիստերները կարող են կայունության գեներ պարունակող ԴՆԹ-ի ոչ մեծ մոլեկուլների (պլազմիդներ) կրողներ լինել:

Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ աղիներում «քնած» սալմոնելան կարող է նման գեներ փոխանցել նույն տեսակի մյուս մանրէներին եւ նույնիսկ այլ տեսակի մանրէներին, ինչպես օրինակ E. coli աղիքային ցուպիկն է:

Գիտնականները եզրակացության են եկել, որ պերսիստերներն իրենց կայուն գեներն արդյունավետ փոխանցում են, երբ «արթնանում են»: Հաջորդ փուլում գիտնականները մտադիր են մկների վրա փորձարկումներից անցնել այլ կենդանիների ուսումնասիրությանը, որոնք հաճախ սալմոնելայի վարակման աղբյուր են դառնում (օրինակ՝ խոզերը): Մասնագետները մտադիր են, մասնավորապես, պարզել՝ կարելի է արդյոք սալմոնելոզի դեմ պատվաստումների եւ պրոբիոտիկների կիրառման միջոցով խոչընդոտել կայուն մանրէների տարածմանը:



© NEWS.am Medicine