Կարելի՞ է արդյոք ՈՒՁՀ-ով տեսնել վահանաձեւ գեղձի քաղցկեղը

19:55   7 սեպտեմբերի, 2019

Վահանաձեւ գեղձի քաղցկեղը ժամանակին հայտնաբերել կարելի է միայն պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակ։ Եթե բժշկին դիմեք ախտանշանների հայտնվելուց հետո, հիվանդությունն, ամենայն հավանականությամբ, արդեն բարձիթողի վիճակում կլինի։

Ռադիոլոգ Անի Հակոբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ կրծքագեղձերը եւ վահանաձեւ գեղձը անհրաժեշտ է ժամանակառժամանակ պրոֆիլակտիկ կերպով հետազոտել, նույնիսկ եթե մեզ ոչինչ չի անհանգստացնում։ Հասարակ եւ անվտանգ ուլտրաձայնային հետազոտությունը կարող է հայտնաբերել լուրջ խնդիրներ դրանց ամենավաղ փուլերում, երբ պացիենտը դեռեւս չի կասկածում, որ հիվանդ է։

Վահանաձեւ գեղձի քաղցկեղն, օրինակ, կարելի է ՈՒՁՀ-ով հայտնաբերել մինչեւ այն փուլը, երբ հիվանդությունը կազդի հորմոնների մակարդակի վրա կամ ի հայտ կգան այլ ախտանշաններ։ Ժամանակակից սարքավորումների շնորհիվ սոնոգրաֆիստները կարող են տեսնել նույնիսկ ամենափոքր նորագոյացությունները։

Իսկ կարելի՞ է արդյոք ՈՒՁՀ-ով տարբերակել բարորակ եւ չարորակ ուռուցքները։

Աշխարհի երկրների մեծ մասում սոնոգրաֆիստները հետազոտության ժամանակ հայտնաբերած՝ վահանաձեւ գեղձի (ինչպես նաեւ կրծքագեղձի) ուռուցքները բաժանում են տարբեր «տեսակների»՝ միանշանակ բարորակ, հնարավոր է բարորակ, հնարավոր է չարորակ, եւ մեծ հավանականությամբ չարորակ։

Դա նշանակում է, որ որոշ դեպքերում նրանք կարող են միանշանակ ասել, որ պացիենտի մոտ բարորակ կամ չարորակ ուռուցք է, մյուս դեպքերում պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի հասկանան, թե ինչ նորագոյացություն է եւ վտանգավո՞ր է արդյոք այն։

Մասնագետը նշեց, որ ախտորոշումը հաստատելու համար «անհասկանալի» դեպքերում բիոփսիա են անցկացնում՝ նորագոյացությունից բարակ ասեղի օգնությամբ ՈՒՁՀ-ի հսկողության տակ վերցվում է ոչ մեծ նմուշ, որը այնուհետեւ հետազոտվում է լաբորատորիայում։ Հետազոտության արդյունքները օգնում են որոշել, թե ինչ ուռուցք է պացիենտի մոտ եւ պե՞տք է արդյոք այն բուժել։



© NEWS.am Medicine