5-ամյա աղջիկը մահացել է, քանի որ հազվագյուտ հիվանդությունը աղիքային ինֆեկցիայի հետ են շփոթել

17:34   9 սեպտեմբերի, 2019

Բրիտանական Քինգսթոն-ափոն-Հալլ քաղաքից (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսություն) 5-ամյա Էսմա Գուզելը մահացել է հազվագյուտ բնածին հիվանդության հետեւանքով, որը բժիշկները շփոթել են սովորական աղիքային ինֆեկցիայի հետ:

Hull Daily Mail պարբերականը հայտնում է, որ աղջկա մոտ առկա էր բնածին ստոծանու ճողվածք՝ ստոծանու զարգացման արատ, որի դեպքում կրծքավանդակը որովայնային խոռոչից ամբողջությամբ առանձնացված չէ: Ծնողներն անգամ չէին կռահել, որ իրենց դստեր մոտ նման հիվանդություն կա:

«Սովորաբար բնածին ստոծանու ճողվածքը նկատում են ՈւՁՀ ժամանակ,- ասել է աղջկա մայրը: - Հղիության ժամանակ ինձ 3 անգամ հետազոտել են եւ ոչ մի բան չեն գտել»:

Ամբողջ 5 տարի հիվանդությունը չի արտահայտվել եւ առաջին անգամ իր մասին զգացնել է տվել երեխայի մահվանից մեկ օր առաջ: Դպրոցից վերադառնալով՝ նա հանկարծ իրեն վատ է զգացել. սկսել է փսխել, որն այնուհետեւ դարչնագույն է դարձել: Ծնողները աղջկան պառկեցրել են մահճակալին եւ ջուր տվել:

Հաջորդ օրը աղջկան հիվանդանոց են տարել, բայց բժիշկը որոշել է, որ փսխումն առաջացրել է աղիքային ինֆեկցիան: Աղջկան տուն են ուղարկել, բայց նրա ինքնազգացողությունը շարունակել է վատթարանալ: Հայրը երեկոյան որոշել է դստերը հիվանդանոց տանել, բայց նա ճանապարհին մահացել է:

Ավելի ուշ պարզվել է, որ մահվան պատճառը ստոծանու ճողվածքն էր:



© NEWS.am Medicine