Ցողունային բջիջները վերականգնել են տղամարդու տեսողությունը դժբախտ պատահարից 25 տարի հետո

22:30   9 սեպտեմբերի, 2019

44-ամյա Ջեյմս Օ՛Բրայանը ցողունային բջիջների շնորհիվ կարողացել է  վերականգնել տեսողությունը։ 25 տարի առաջ ծծմբական թթվով հարձակման հետեւանքով նրա աջ աչքը կուրացել էր։ Մեծ Բրիտանիայում նա առաջինն էր, ում վրա փորձարկվեց նոր մեթոդը՝ առողջ ձախ աչքի ցողունային բջիջների կիրառմամբ։

Լոնդոնյան հիվանդանոցի բժիշկները 20 տարի մշակել էին այդ տեխնոլոգիան եւ հիմա մտադիր են ամիսը մեկ նման վիրահատություն կատարել։ Առաջին փուլում վիրաբույժները ձախ աչքից վերցրել են ցողունային բջիջները եւ ուղարկել Իտալիա, որտեղ դրանք աճեցվել են 6 ամիս։ Հաջորդ փուլում վնասված աչքից հեռացրել են վնասված մասը եւ այն փոխարինել ստացված ցողունային բջիջներով։ Մոտ մեկ տարի անց նրանք աչքի մեջ տեղադրել են մահացած դոնորից վերցված եղջերաթաղանթ։ Նոր ցողունային բջիջները վերականգնել են եղջերաթաղանթի գործունեությունը եւ այդպիսով՝ տեսողությունը։

Մասնագետները հույս ունեն, որ այս մեթոդով կարող են վերականգնել ծծմբական թթվի հազարավոր այլ զոհերի տեսողությունը։



© NEWS.am Medicine