Մալարիան կարելի է մինչեւ 2050 թվականը արմատախիլ անել

23:49   9 սեպտեմբերի, 2019

Մալարիան կարելի է մեկ սերնդի ընթացքում արմատախիլ անել, կարծում են առողջապահության ոլորտի փորձագետները։

41 մասնագետների կողմից պատրաստված զեկույցում նշվում է, որ մալարիայից ազատ ապագան հասանելի է մինչեւ 2050 թվականը։ Սա հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետեւություններին, եւ փորձագետները ԱՀԿ-ին կոչ են արել «էպիկական մասշտաբների այդ նպատակից» շատ չշեղվել։

Սակայն այդ նպատակին հասնելու համար կառավարություններին, գիտնականներին եւ հասարակական առողջապահության առաջատարներին անհարժեշտ է ավելի շատ փող եւ ինովացիաներ՝ հիվանդության եւ այն տարածող մոծակների դեմ պայքարում, ասվում է զեկույցում։

«Բավական երկար ժամանակ մալարիայի ոչնչացումը հեռավոր երազանք էր, սակայն այժմ մենք ունենք ապացույցն այն բանի, որ մալարիան կարող է եւ պետք է արմատախիլ արվի մինչեւ 2050 թվականը»,- ասել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Առողջապահության գլոբալ խմբի տնօրեն Ռիչարդ Ֆիչեմը, ով մալարիայի ոչնչացման հետազոտությունը ներկայացրել է The Lancet բժշկական ամսագրի պատվերով։

«Մենք պետք է մեր առջեւ հավակնոտ նպատակներ դնենք եւ դրանց հասնելու համար հաստատակամ միջոցներ կիրառենք»,- հավելել է նա։

ԱՀԿ-ն հրապարակել է իր սեփական զեկույցն այն մասին, թե կարելի է արդյոք ոչնչացնել մալարիան՝ հետեւություն անելով, որ մոտակա ժամանակներս արմատախիլ անել այն հնարավոր չէ, որ անհայտ ծախսերով անիրական նպատակներ դնելը կարող է հանգեցնել «հիասթափության եւ բացասական հետեւանքների»։

The Lancet-ի հոդվածում, սակայն, ասվում է, որ անընդհատ վերականգնվելու սպառնալիքի տակ գտնվող մալարիայով հիվանդացության թիվն անշեղորեն կրճատելու փոխարեն առողջապահության գլոբալ մարմինները կարող էին «իրենց վրա սահմանված ժամանակում այն արմատախիլ անելու պարտավորություն վերցնել»։

2017թ․ մալարիայով հիվանդացել է 219 միլիոն մարդ եւ նրանցից մոտ 435 000-ը մահացել է, հիմնականում Աֆրիկայի ամենաաղքատ շրջանների երեխաներ։ Վարակի շարունակական փոխանցման պատճառով աշխարհի բնակչության կեսը նախկինի պես մալարիայով վարակման վտանգի տակ է, իսկ գլոբալ մասշտաբով այն ամեն երկու րոպեում մեկ երեխա է սպանում։

Այս թվերը գործնականում չեն փոխվել 2016-ից, սակայն ցուցանիշները նախկինում անշեղորեն նվազում էին՝ 2010թ․ 239 մլն-ից 2015թ․ հասնելով 214 մլն-ի, իսկ մահացածության թիվը 607 000-ից մինչեւ մոտ 500 000՝ 2010-2013թթ․։

Malaria No More ընկերության ղեկավար Մարտին Էդլունդը հայտարարել է, որ աշխարհը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի արմատախիլ անի այդ հիվանդությունը․ «Եթե մենք այժմ կրկնապատկենք մալարիայի դեմ պայքարում մեր ջանքերը, աշխարհը կստանա հսկայական սոցիալական, հումանիտար եւ տնտեսական շահույթ եւ միլիոնավոր մարդկանց կփրկի անհեթեթ մահից, որ վրա է հասնում մոծակի խայթոցից»։

Մինչեւ 2050թ․ հիվանդությունն արմատախիլ անելու համար զեկույցի հեղինակները առաջարկել են մալարիայի հիվանդացության նվազումն արագացնելու երեք միջոց։

Մասնավորապես, մալարիայի դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի խելամիտ միջոցներ օգտագործել, ինչպես, օրինակ, հակամիջատային ցանցեր, դեղամիջոցներ եւ ինսեկտիցիդներ, երկրորդ՝ մշակել նոր վակցինաներ։ Երրորդ՝ ինչպես մալարիայի դեպքեր ունեցող, այնպես էլ չունեցող երկրների կառավարությունները պետք է գործընթացն արագացնելու համար մոտ 2 միլիարդ դոլարի ներդրումներ կատարեն։



© NEWS.am Medicine