Մշակվել է ոտքի բիոնիկական պրոթեզ, որը թույլ է տալիս քայլերը զգալ

13:08   10 սեպտեմբերի, 2019

Գիտնականների միջազգային խումբը մշակել է ոտքի բիոնիկական պրոթեզ, որի շնորհիվ պացիենտը քայլելիս զգում է գետնին արհեստական ոտնաթաթի հպվելը եւ արհեստական ծնկի ծալվելը: Այսպիսի արդյունքի հասնելու համար մասնագետները պրոթեզի սենսորները միացրել են ազդրի նյարդային մանրաթելերի հետ: Այս մասին իր կայքում հայտնել է Ցյուրիխի  դաշնային տեխնիկական համալսարանը (ETH Zurich), որը ղեկավարում է գիտական եւ ինժեներական հետազոտությունները Լոզանում բազավորված SensArs տեխնոլոգիական ընկերության հետ միասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բիոնիկական պրոթեզի եւ նեյրոնների միջեւ «հետադարձ կապի» առկայությունը զգալիորեն նվազեցնում է ծանրաբեռնվածությունը, որը մարդը զգում է քայլելիս: Սովորական պրոթեզ օգտագործելիս մկանային ծանրաբեռնվածության մշտական վերահսկողություն չկա: Դա զգալիորեն նվազեցնում է անդամահատում վերապրած մարդկանց շարժունակությունը: Դրանից բացի, նրանց մոտ կարող են առաջանալ անդամահատված վերջույթում երեւակայական ցավեր:

Նեյրոնային իմպլանտներով բիոնիկական պրոթեզը դրական է գնահատվել 2 մասնակիցներով 3 ամիս տեւած փորձի ժամանակ, որոնցից յուրաքանչյուրի ոտքը անդամահատվել էր ծնկից վեր: Գիտնականները ալգորիթմ էին մշակել, որը  գետնին արհեստական ոտնաթաթի հպվելուց ստացած տեղեկությունը վերափոխում է էլեկտրական խթանի, որը հասնում է մարդու նյարդային համակարգ: Նյարդերն այս ազդանշանը փոխանցում են ուղեղ: Այսպիսով, փորձարկվողը կարող է զգալ պրոթեզը եւ այն հարմարեցնել իր պահանջմունքին՝ առավելագույն հարմարավետություն ստեղծելու համար:

Բիոնիկական պրոթեզի օգտագործմամբ քայլելը ավելի քիչ ջանքեր է պահանջում: Դրանից բացի, նյարդային համակարգն ավելի պակաս ծանրաբեռնվածություն է կրում. մարդն ավելի ինքնավստահ է զգում: Փորձարկվողները ստիպված չէին ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել քայլելու վրա, նրանք կարողացել են ավելի շատ ուշադրություն դարձնել այլ խնդիրների լուծմանը: Ավազի վրա քայլելը զգալիորեն արագացել է:

Գիտնականների մշակած տեխնոլոգիան թույլ է տվել զբաղվել նաեւ երեւակայական ցավերի բուժմամբ: Մինչեւ փորձը սկսելը 2 փորձարկվողն էլ գանգատվել են այդպիսի ցավերից: Մեկ ամիս տեւողությամբ նեյրոխթանման կուրսից հետո պացիենտներից մեկի մոտ ցավերը զգալիորեն մեղմացել են, իսկ մյուսի մոտ ընդհանրապես վերացել են:



© NEWS.am Medicine