Քաղցրասիրությունը կարող է խախտել գլխուղեղի աշխատանքը. հետազոտություն

14:11   10 սեպտեմբերի, 2019

Քաղցրը ուղեղի նորմալ աշխատանքի համար ոչ միայն հարկավոր չէ, այլեւ վտանգավոր է. Միչիգանի համալսարանի գիտնականները փորձ են կատարել պտղային ճանճիկների վրա եւ պարզել, որ սննդաբաժնում շաքարի առատության դեպքում նկատվում է կարեւոր միացությունների անբավարարություն՝ կապված ուղեղի առողջության հետ։

Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, շաքարի օգտագործման հետեւանքով միջատների օրգանիզմների մետաբոլիկ պրոֆիլը արագ փոխվել է քաղցից կշտանալու վիճակի անցման ժամանակ։ Եվ ամենամեծ փոփոխությունները նկատվել են հենց գլխուղեղում։

Մասնավորապես,  շաքարի բարձր պարունակությամբ դիետան նվազեցրել է N-ացետիլասպարտատի (NAA) եւ կինուրենինի մակարդակը։ Սրանք մետաբոլիտներ են, որոնց փոփոխությունը կարող է ազդել այն բանի վրա, թե որքան արագ է վրա հասնում կշտանալու զգացողությունը։ Եթե ցուցանիշները դուրս են գալիս նորմի շրջանակից, միջատն սկսում է ավելի շատ ուտել։ NAA-ն, մասնագետների կարծիքով, վառելիք է ապահովում նեյրոնների համար եւ կարգավորում ուղեղում բջիջների ծավալը։ Իսկ կինկուրենինի խտության նվազումը կարող է կապված լինել դեպրեսիայի հետ։

Շաքարի բարձր պարունակությամբ դիետա պահելու յոթերորդ օրը փորձի ենթարկվող միջատների մետաբոլիկ պրոֆիլը լրիվ փոխվել է։ Ընդհանուր առմամբ, շաքարի օգտագործումը, բացի NAA-ից եւ կինկուրենինից, ազդել է 20 մետաբոլիտների վրա։

Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչպես են այս փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, հավանաբար, նաեւ մարդկանց մոտ, ազդում քնի, ուսման եւ հիշողության վրա։



© NEWS.am Medicine