Ասեղնաբուժության մասնագետը պատահաբար ծակել է պացիենտի թոքերը

11:55   10 սեպտեմբերի, 2019

Նոր Զելանդիայում աշխատող Համիլտոնից ասեղնաբուժության մասնագետը իր ասեղներով պատահաբար ծակել է պացիենտի թոքերը:

New Zealand Herald պարբերականը հայտնում է, որ ասեղնաբույժը բուժում էր ձեռքերի եւ դաստակների վնասվածքը՝ աշխատելով պացիենտի ուսերին «ցզյան-ցզին» («jian jing») կետերի վրա: Նա ասեղները չափից ավելի խորն է խրել, եւ կինը կրծքում ուժեղ ցավ է զգացել ու շնչառության խնդիրներ:

Ասեղնաբույժը ասեղները հանել է եւ գործողությունը շարունակել այնքան ժամանակ մինչեւ պացիենտն իրեն ավելի լավ է զգացել: Դրանից հետո նա կնոջը տուն է ուղարկել հանգստանալու:

Բայց երբ պացիենտը, ում անունը չի հրապարակվում, տուն է հասել, նրա վիճակը կտրուկ վատթարացել է. կրծքավանդակում ուժգին ցավ է առաջացել, իսկ աջ կուրծքը ընդարմացել է:

Ամուսինը կնոջը երեկոյան կլինիկա է տարել, որտեղից նրան շտապ հոսպիտալացրել են: Հիվանդանոցում կնոջ մոտ ախտորոշել են երկկողմանի վերին պնեւմոթորաքս, որն առաջացել էր ասեղնաբուժության հետեւանքով:

Առողջության եւ հաշմանդամության հարցերով լիազոր Էնթոնի Հիլը նշել է, որ ասեղնաբույժը պետք է պացիենտին զգուշացներ պնեւմոթորաքսի կամ թոքի կոլապսի մասին եւ նրանից գործողությունն անցկացնելու գրավոր համաձայնություն ստանար, բայց այս ամենը չի արվել: Ասեղնաբույժը նաեւ պացիենտին պատշաճ խնամք չի մատուցել եւ իրեն պահել է չափազանց ոչ պրոֆեսիոնալ կերպով, երբ կնոջը այդքան ծանր վնասվածքով տուն է ուղարկել:

Ասեղնաբույժին հանձնարարվել է ասեղնաբուժության տեխնիկայի լրացուցիչ ուսուցում ստանալ, հաստատել իր որակավորումը եւ ապագայում համոզվել, որ հաճախորդները ստացել են ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ու ստորագրել են գործողությունն անցկացնելու գրավոր համաձայնություն:

Հիշեցնենք, որ Իսպանիան մտադիր է երկրում արգելել այլընտրանքային բժշկությունը, այդ թվում՝ ասեղնաբուժությունն ու հոմեոպաթիան առողջության համար դրանց վնասի պատճառով:



© NEWS.am Medicine