Գլխին հասցված թեկուզ մեկ հարվածը կարող է հանգեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների․ հետազոտություն

09:33   11 սեպտեմբերի, 2019

Գլխին հասցված թեկուզ մեկ հարվածը կարող է հանգեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների։ Սա պարզել են Լոնդոնի միապետական քոլեջի գիտնականները՝ ուսումնասիրելով 32 կամավորի տվյալները։ Հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine-ում։

Գիտնականները ցանկացել են հասկանալ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել գլխին հասցված միակ ուժեղ հարվածը եւ ինչպես է տեղի ունենում տաու-սպիտակուցի կծիկների առաջացման գործընթացը, որը կապված է Ալցհեյմերի հետ։ Նրանք նախկինում գլխի մեկ հարված ստացած 21 մասնակիցների գլխուղեղը համեմատել են նախկինում  գլխի տրավմա չստացած 11 կամավորների գլխուղեղի հետ։

Փորձագետները օգտագործել են պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա, որը թույլ է տալիս տեսնել օրգանիզմում գտնվող օբյեկտի եռաչափ պատկերը։ Գիտնականները կենտրոնացել են տաու-սպիտակուցի վրա, որը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոններում եւ փոխազդում է միկրոխողովակների (բջջային ցիտոկմախքի մասեր) հետ։ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տաու-սպիտակուցը հանգեցնում է նեյրոֆիբրիալ կծիկների առաջացմանը։ Սպիտակւցը դադարում է փոխազդել միկրոխողովակների հետ, իսկ խտացումները վնասում են նեյրոնները։

Սքանավորումները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր երբեւէ գլխի վնասվածք են ստացել , ծոծրակի աջ մասում տաու-սպտակուցի կուտակում ունեն։ Դա բնորոշ է նաեւ այն մասնակիցներին, որոնք կյանքում ընդամենը մեկ անգամ են գլխի վնասվածք ստացել։ Նյարդաբան, գիտական աշխատանքի հեղինակ  Նիկոս Գորգորապտիսի խոսքերով, անցկացված հետազոտությունը առաջին քայլն է դեպի այն սքանավորում, որը թույլ է տալիս հասկանալ, թե որքան տաու-սպիտակուց կա ուղեղում եւ որտեղ է այն տեղակայված։



© NEWS.am Medicine