ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը օգնում է նվազեցնել բերանի խոռոչի ինֆեկցիաների թիվը. հետազոտություն

09:39   12 սեպտեմբերի, 2019

Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումն օգնում է նվազեցնել տղամարդկանց բերանի խոռոչի վարակման դեպքերի թիվը: Այս մասին է վկայում National Cancer Institute-ի (ԱՄՆ) մասնագետների նոր հետազոտությունը:

ԱՄՆ-ում այս վիրուսի դեմ աղջիկներին պատվաստում են 2006 թվականից, իսկ տղաների պատվաստումը սկսել են հանձնարարել 2011 թվականից: Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2009-2016 թվականներին չպատվաստված տղամարդկանց շրջանում ՄՊՎ-ով օրալ վարակումների թիվը նվազել է ամբողջ 40 տոկոսով: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ կանանց շրջանում մասշտաբային պատվաստման շնորհիվ տղամարդիկ նույնպես վիրուսից լավագույնս պաշտպանված են, նույնիսկ եթե իրենք չեն պատվաստվել. եթե կինը ՄՊՎ-ով չի վարակվում, նրա զուգընկերը չի կարող նրանից վարակվել:

Մարդու պապիլոմա վիրուսը ամենատարածված վիրուսներից մեկն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: ԱՄՆ-ում այս վիրուսով է վարակված ոչ պակաս, քան 80 մլն մարդ: Ընդ որում՝ ՄՊՎ-ն կապված է բազմաթիվ ուռուցքների հետ, ներառյալ շագանակագեղձի, կոկորդի, գլխի եւ պարանոցի, ուղիղ աղիքի եւ արգանդի վզիկի քաղցկեղի հետ:

2006 թվականին ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի լայն ներդրման պահից սկսած 79 երկրներում եւ տարածքներում կազմակերպել են պետպատվերով բնակչության մասշտաբային պատվաստում: ԱՄՆ-ում 11-ից մինչեւ 12 տարեկան աղջիկների համար պատվաստումն առաջարկվում է 6 ամսվա ընթացքում 2 կամ 3 դեղաչափով: Հանձնարարվում է վերջին պատվաստումը կատարել 26 տարեկանից ոչ ուշ: 2011 թվականին հանձնարարական հայտնվեց նույն տարիքային խմբի տղաների պատվաստում անցկացնելու մասին:



© NEWS.am Medicine