Հայաստանում 2019-ին մայրական մահվան 10 դեպքերից միայն 4-ն էին պայամանավորված հղիության եւ ծննդաբերության բարդություններով

18:35   11 սեպտեմբերի, 2019

2019 թվականի մինչ այս պահը Հայաստանում արձանգարվել է մայրական մահվան 10 դեպք: Դրանցից յուրաքանչյուրը վերլուծության է ենթարկվել Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում:

Պարզվել է, որ դեպքերից միայն 4-ը պայամանավորված են եղել հղիության և ծննդաբերության բարդություններով: Մնացած 6 դեպքերը կապված են կնոջ նախկինում ունեցած հիվանդություններով և անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես`  սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս,  լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ,  թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:

Մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով քննարկման ընթացքում որոշվել է առաջիկայում իրականացնել հետևյալ քայլերը.

  1. Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
  2. Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ:
  3. Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա:
  4. Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին:
  5. Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը:

 



© NEWS.am Medicine